Մատչելիության հղումներ

Բնապահպաններն ահազանգում են՝ Սևանա լիճն աղետալի վիճակում է հայտնվել


Սևան, արխիվ
Սևան, արխիվ

Բնապահպաններն ահազանգում են՝ Սևանա լիճն այս տարի հայտնվել է աղետալի վիճակում և ճահճացման վտանգը հեռու չէ։ Լճի խնդիրներով զբաղվող մասնագետներին անհանգստացրել է հատկապես այն փաստը, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ցանկանում է օրենքի փոփոխությամբ հավելյալ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարել։ Թեև, ըստ կոմիտեի, դա կօգնի խուսափել ոռոգման խնդիրներից, սակայն բնապահպանները վստահ են՝ Սևանի հաշվին ոռոգման հարցը լուծելն անթույլատրելի է։

«Հիմա այնպիսի ճգնաժամային իրավիճակում է լիճը գտնվում, որ նույնիսկ 40 միլիոնը կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Կրիտիկական վիճակում է»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը։

Սկսած 2012 թվականից՝ Սևանից ամեն տարի 270 միլիոն խորանարդ մետր ջրառ է կատարվել, ասում են բնապահպաններն ու հավելում՝ օրենքով թույլատրելին 170 միլիոնն է, իսկ մնացած 100 միլիոն խորանարդ մետրի բացթողումը վնասում է լճի էկոհամակարգը։ Սրանից բացի, մասնագետները նաև վստահ են՝ հավելյալ ջուրը նախորդ տարիներին չի հասել գյուղացուն, այլ ուղղվել է խոշոր ձկնաբուծարաններին ու ՀԷԿ-երին։ Իրավիճակը հստակ պատկերացնելու համար այժմ «SOS Սևան» նախաձեռնությունը մտադիր է արշավ կազմակերպել Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, տվյալներ հավաքագրել ու դրանց հիման վրա նամակ ուղղել Կառավարությանը։

Բնապահպանները պնդում են՝ քաղցրահամ լճի դրական բալանսը վերականգնելու համար ավազանից առնվազն 6 տարի ջրառ չպետք է կատարվի։ Կարինե Դանիելյանն ասում է՝ Սևանն այս ամառ արդեն իսկ փրկության ճիչ արձակեց՝ ջրիմուռների աննախադեպ քանակի բազմացմամբ։ Սա ևս վկայում է, որ լիճը խնդիրներ ունի։

Արարատյան դաշտի հողերը ոռոգելու համար հավեյալ ջրառ կատարելուն դեմ է նաև Սևան Ազգային պարկի տնօրենը։ Վահե Գուլանյանն ասում է՝ այս տարի լճի օգնությանը կրկին դիմելը վտագավոր գաղափար է։ Իրենք առարկել են ու մտադիր են պայքարել, որ կոմիտեի առաջարկությունը չընդունվի։

Գուլանյանը հիշեցրեց՝ մինչև 2001 թվականը Սևանի ջրի մակարդակը կազմել է 1896 մետր։ Դա ամենացածր ցուցանիշն է եղել այդ օրվանից մինչև այսօր։ Իսկ ահա, երբ 2001 թվականին ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ու պահպանման տարեկան ծրագրերը հաստատելու մասին» օրենքը, հստակ արձանագրվեց՝ մինչև 2029 թվականը ջրի մակարդակը պետք է ավելացնել 6,5 մետրով՝ այսինքն տարեկան 22,5 սմ-ով։

Այն, որ Սևանը ռազմավարական լիճ է, և դրանից կատարվող ջրառը պետք է նվազագույնի հասցվի, համամիտ է նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը։ Ինեսսա Գաբայանը, սակայն, նշում է՝ դա ապագայի ծրագիր է, իսկ այսօր ջուր չվերցնել չեն կարող. Արարատյան դաշտում հողը չորանում է, գյուղացու բերքը փչանում։

Կոմիտեի նոր ղեկավարությունն անգամ, կիսով չափ կրճատել է նախորդի հայտը, որը պետք է 85 միլիոն խորանարդ մետր լիներ։ Գաբայանի խոսքով՝ տարին սակավաջուր էր և գործի են դրվելու խորքային հորերը։ Այս պահին արդեն Արարատյան դաշտի 31 գյուղ անջուր է մնացել, աղբյուրների թիվը 7 անգամ նվազել է, 3 անգամ էլ պակասել է ոռոգման ջրի ծավալը։ Կոմիետի նոր պետը նաև չի հերքում՝ խոշոր ձկնաբուծարանները տարիներշարունակ ապօրինի ջուր են օգտագործել, գերծախս տվել։ Բայց այժմ իրենք խիստ են լինելու՝ վերանայելով տարվող քաղաքականությունը։ «Ցանկություն և ուժ է պետք, այսպես ասեմ՝ ծանր ձեռք է պետք, որ ամենը բերվի օրինական և տնտեսապես արդյունավետ համակարգ»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Ինեսսա Գաբայանը։

Այսօրվա դրությամբ՝ ջրառը Սևանից կազմել է 103 միլիոն խորանարդ մետր։ Գոնե մինչև օգոստոսի կեսը պետք է հասցնեն արտահերթ նիստով Աժ օրենքը փոփոխեն ու հավելյալ ջրառ անեն, ասում է Գաբայանը։ Նրա խոսքով՝ նախագծին դրական եզարակացություն է տվել Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր գործող՝ Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովը։ Իսկ ինչ վերաբերում է Բնապահպանության նախարարության կարծիքին, ապա գերատեսչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախագիծը նոր են ստացել և այժմ քննարկում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG