Անի համայնքի ղեկավարը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման ու համաներմամբ ազատվեց պատիժը կրելուց

Արտակ Գևորգյանը համայնքապետի աշխատասենյակում։

Անի խոշորացված համայնքի հանրապետական ղեկավար Արտակ Գևորգյանը չարաշահում իրականացնելու համար այսօր դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման և նույնքան ժամանակով էլ զրկվել պետական որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգյանը պատժի կրումից համաներմամբ ազատ է արձակվել: Այդուհանդերձ ավելի քան 15 տարի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Գևորգյանը դժգոհ է վճռից ու պատրաստվում է բողոքարկել այն:

Գևորգյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը «Ազատությանն» ասաց, որ իր նա պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն անօրինական է համարում. – «Միանշանակ դատավճիռը բողոքարկվելու է»:

Փաստաբանի փոխանցմամբ, Արտակ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել 580 հազար դրամի չարաշահում իրականացնելու համար: Պաշտպանը նշում է, որ Պետական վերահսկողական ծառայության տրամադրած ու հայտարարած աղմկոտ խախտումներից ընդամենը մեկ դրվագն է դատարանը հաստատված համարել. – «Հարուցված քրեական գործով խոսքը գնում է 10-ից ավելի միլիոն դրամի մասին, քրեական գործով դատարանը գնահատել է ընդամենը 580 հազար: Մնացածը հերքվել է»:

2004 թվականից համայնքապետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Գևորգյանի հրաժարականը մարալիկցիները հեղափոխությունից հետո՝ շուրջ 2,5 տարի, պահանջում են բողոքի տարբեր ակցիներով` համայնքապետին մեղադրելով թալանի մեջ: Հիմա, երբ արդեն դատավճիռ է հրապարակվել, որով Արտակ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել, բողոքի ակցիաների մասնակիցներից Դավիթ Մելիքյանը նշում է, որ իրենց բողոքի նպատակը ոչ թե անձին ազատազարկման դատապարտելն է եղել, այլ որ հրաժարվի համայնքապետի պաշտոնի. – «Ինքը ասել է` եթե ես մեղավոր եմ, թող ես դատվեմ: Իրա դատվելը ինքն է ուզեցել, մենք երբևիցե չենք էլ ասել դատեք իրան: Մենք ուղղակի պահանջել ենք իր հրաժարականը: Էն օրվանից, երբ դատական գործընթացը սկսվել է, մենք մեր ակցիաները դադարեցրել ենք ու սպասել ենք դատարանի վճռին: Էսօր դատարանը արդեն վճիռը կայացրել է, մեղավորությունը հաստատվել է: Մեղավոր է, թող կրի իր պատիժը: Թե չէ իրա դատվելու համար որևէ մեկս չենք էլ ուրախանում: Մեզ հետաքրքիր է, որ համայնքում ունենանք ղեկավար, ով կմտածի համայնքի ու ժողովրդի համար»:

Արտակ Գեվորգյանի շահերի պաշտպանը գտնում է, որ դատարանը չի կարող ընտրովի մարմնի ներկայացուցչին արգելել պաշտոն զբաղեցնել. – «Դատարանը չի կարող որևէ մեկին, բացառությամբ եթե անձը ազատազրկման ձևով պատիժ է կրում, մնացած բոլոր դեպքերում դատարանը չի կարող անձին զրկել ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Դա նույնն է, եթե էսօր դատարանը կարողանա երկրի վարչապետին զրկել վարչապետ լինելու իրավունքից»:

Արդյո՞ք սա նշանակում է, որ որևէ համայնքի ընտրովի ղեկավար կարող է անօրինականություններ թույլ տալով շարունակել պաշտոնավարումը: Արամայիս Հայարապետյանն ասում է` օրենքի բաց կա. – «Համայնքի ղեկավարի պաշտոնավարման դադարեցմանը ընթացակարգը առանցնացված է: Եվ կան հիմքեր: Այո, հնարավոր են դեպքեր, որ լինեն խախտումներ, բայց օրենքը հնարավորություն չի տալիս էդ մարդուն պաշտոնից զրկել: Դրա համար պիտի օրենսդրական փոփոխություններ անեն»:

Արտակ Գևորգյանը, ըստ փաստաբանի, շարունակելու է պաշտոնավարումը. – « Շարունակում է և շարունակելու է պաշտոնավարել»:

Բողոքի ակցիաների մասնակիցներից Դավիթ Մելիքյանը հորդորում է Արտակ Գևորգյանին լիազորությունները վայր դնել. – «Մեր պահանջը լինելու նույնը, մեր պահանջը չի դադարելու, մինչև չտեսնենք հրաժարակը իր»:

Այս պահին դեռ հստակ չէ, թե պաշտոնից որ մարմինը և ինչ մեխանիզմով է զրկելու Գևորգյանին: