Հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր տևած հարաբերական անդորրից հետո այս գիշեր ադրբեջանական դիպուկահարից սպանվել է պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքը գրանցվել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում՝ Տավուշում, որտեղ երկու շաբաթ առաջ ռազմական գործողություններ էին ընթանում։

29-ամյա Աշոտը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։

Պաշտպանական գերատեսչությունը սահմանային ներկա իրավիճակի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ առայժմ չի տալիս։

Չնայած այս դեպքին, ռազմական գործողությունների ընթացքում հրետակոծվող սահմանամերձ գյուղերում վերջին օրերին անդորր է: «Դադարից հետո առայսօր հրետակոծություններ տեղի չեն ունեցել», - ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Մարդիկ վերադարձել են բնականոն կյանքին, գյուղական գործերն ընթացքի մեջ են, հրետակոծություններից վնասված շենքերն էլ վերականգնվում են, ասում է Չոբանյանը:

«Աշխատանքները բուռն թափով ընթանում են, որևէ մտահոգություն այդ առումով չունենք, արդեն ունենք նաև կոնկրետ բնակարաններ, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտված են», - նշեց մարզպետը:

Վերջին բախումները հայ-ադրբեջանական սահմանին 6 օր առաջ էին եղել՝ հուլիսի 21-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր «Անվախ» դիրքի ուղղությամբ, և Հայաստանի ՊՆ հավաստիացմամբ՝ զգալի կորուստներ կրելով հետ շպրտվել։

Ռազմական գործողությունների դադարից հետո իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է, բայց նոր բախման սպառնալիքը չի վերացել, ընդգծում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ադրբեջանը շարունակում է խախտել սահմանային անդորրը, և նաև դա է պատճառը, որ երեկ զոհ ենք ունեցել», - ասաց Գրիգորյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ երկու օրից Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու՝ Հայաստանի սահմանին մոտ՝ Նախիջևանում: Գրիգորյանի գնահատմամբ՝ սահմանին կրած պարտությունից հետո Ադրբեջանը զորավարժությունների միջոցով փորձում է ուժ ցույց տալ:

«Փորձում է ապակայունացնել տարածաշրջանը, նա միայն դրանով է անհանգստանում: Թուրքիան շուտվանից է տարածաշրջանը միջամտելու քաղաքականություն վարում, հիմնականում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ փորձում է միջամտություն ունենալ, և այդ միջամտությունը տարբեր ձևով է արտահայտվում: Սա նոր սպառնալիք չի, մենք պատրաստ ենք դիմակայելու այդ սպառնալիքին», - ընդգծեց անվտանգության խորհրդի քարտուղարը:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ Ադրբեջանն անում է հնարավոր ամենը, որպեսզի Թուրքիան ներգրավվի կոնֆլիկտին և կողմ դառնա, այդուհանդերձ, պատգամավորի կարծիքով՝ իրադարձություններն այսպիսի զարգացում չեն ստանա:

«Այն դեպքում, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման մասին Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ, Թուրքիայի կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն իսկ մի շարք տարածաշրջաններում ներգրավված է որպես կոնֆլիկտի ուղղակի կողմ, պարզապես Թուրքիայի այս գործողությունները չեն ընկալվելու աշխարհի շատ պետությունների կողմից», - ասաց Մակունցը:

Տավուշում ընթացող հուլիսյան զարգացումները ադրբեջանական սադրանքի հետևանք էին, երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարելի է ասել կառավարման բացառիկ հնարավորությունների, հրամանատարական կազմի տեղի ճիշտ իմացության, նախաձեռնությունների, համարձակության ու նաև դիրքում կանգնած զինվորների հերոսությունների և քաջագործությունների շնորհիվ կարողացան և՛ հետ շպրտել հակառակորդին, և՛ մի քանի օր տևած մի քանի անգամ սադրանքները, նույնիսկ 100 հոգանոց հարձակողական գործողությունները հետ շպրտել և վնաս պատճառել հակառակորդին», - ասաց ՊՆ նախկին նախարարը:

Օհանյանն ընդգծեց՝ վերջին բախումները տեղի են ունեցել Հայաստանի սահմանների ներսում, ուստի հայկական կողմի բոլոր գործողություններն արդարացված են: