Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կոչ է արել հայրենակիցներին դադարեցնել փողոցային անկարգությունները, հետևել ռուսաստանյան օրենսդրությանն ու իրենց պայքարը շարունակել իրավական դաշտում։
«Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզնից շատերն այս հզոր երկրի քաղաքացիներ են, խնդրում եմ, հետևեք կանոններին, որոնք գործում են այստեղ», - հայտարարել է դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Վերջին երկու օրերին Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել ադրբեջանցիների և հայերի միջև, հարձակումներ օբյեկտների, ավտոմեքենաների վրա, կան տուժածներ, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ում ադրբեջանցիների հակահայկական հարձակումները «ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ»: