Մոսկվայում իրավապահներն անցած գիշեր ավելի քան 50 ադրբեջանցու են ձերբակալել հայերի վրա հարձակումներ գործելու համար, հաղորդում է Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ)։
Երեկ համացանցում տարածվել է ըստ օգտատերերի Մոսկվայում նկարահանված տեսանյութ. դրանում ենթադրաբար մի խումբ ադրբեջանցիներ վնասում են հայկական համարանիշերով մեքենան ու ծեծի ենթարկում վարորդին։ Մեկ այլ տեսանյութում էլ մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միայնակ ենթադրաբար հայ տարեց անձի։
Միությունը ռուսաստանաբնակ հայերին կոչ է անում սադրանքների չտրվել։
Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին թե՛ արտասահմանում գտնվող հայերը, թե՛ ադրբեջանցիները բռնություններով ու այլ միջադեպերով ուղեկցվող բողոքի գործողություններ էին իրականացնում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ: Արդյունքում՝ կան տուժածներ ու բերման ենթարկվածներ:
Երկու օր առաջ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում եղավ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է մի տղամարդ բռնություն գործադրում ենթադրաբար ադրբեջանցի կնոջ նկատմամբ, ինչի արդյունքում նա մարմնական վնասվածքներ է ստանում:
Մեկ այլ տեսանյութ էլ սոցցանցերում տարածում են հայ օգտատերերը, որտեղ, նրանց պնդմամբ ազգությամբ հայ մի քանի հոգի հետապնդում են ենթադրաբար ադրբեջանցի տղամարդու և ծեծի ենթարկում:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են եղել Լոս Անջելեսում, Լոնդոնում, Հաագայում, Քիշնևում, Վարշավայում ու այլ քաղաքներում:
Գերմանիայում Հայաստանի դեսպանատան տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են հրկիզում դիվանագիտական առաքելության ծառայողական ավտոմեքենան, «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Ավտոմեքենան հրկիզվել է հուլիսի 23-ի գիշերը: Ըստ դեսպանատան տարածած հաղորդագրության, գերմանացի իրավապահները դեպքի առթիվ ծառայողական քննություն են իրականացնում՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:
Կապված է արդյոք միջադեպը հայ-ադրբեջանական սահմանին նախորդ շաբաթվա ռազմական գործողություններից հետո մի շարք երկրներում հայկական ու ադրբեջանական դեսպանատների մոտ իրականացվող բողոքի ցույցերի հետ, Արտգործնախարարությունը չմանրամասնեց:
Արտերկրում տեղի ունեցող ցույցերը շատ կարևոր են այս կամ այն երկրներում խնդրի վրա ուշադրություն հրավիրելու տեսանկյունից, բայց բախումների գնալը ոչ մի տեղ չի տանի, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
«Այն ամբողջությամբ անիմաստ է, և ամբողջությամբ բուն թեմայից շեղվում է խնդիրը, այսինքն՝ ուշադրությունը: Կարևոր է ուշադրությունը գրավել թեմայի վրա և ոչ թե վերածել այն ինչ-որ լոկալ ծեծկռտուքի: Իհարկե, նաև դեպքեր են լինում, երբ որ ադրբեջանցիներն են հարձակվում հայերի վրա, այդ դեպքերում նախ պետք է իրավապահները համապատասխան գործառույթներն իրականացնեն իրենց, երկրորդը, իհարկե, եթե իրավապահները չեն կարողանում կամ չեն անում, բնականաբար՝ ինքնապաշտպանությունը ոչ մեկ չի չեղարկել», - նշեց Իոաննիսյանը:
Նրա գնահատմամբ՝ ծեծկռտուքներ հրահրելը հենց Ադրբեջանին է ձեռնտու: «Հայկական սփյուռքը շատ ազդեցիկ է, և Ադրբեջանը երևի կուզենար այնպես անել, որ հայկական սփյուռքի ջանքերը՝ թեմայի վրա ուշադրություն գրավելու, վերածվեն ավելի շատ էս ծեծկռտուքների շուրջ քննարկումների», - ընդգծեց Իոաննիսյանը:
Դանիել Իոաննիսյանը շեշտում է՝ ցույցերը պետք է լինեն մեծ և հուժկու, բայց դրանք պետք է խաղաղ լինեն:
Հայկական սփյուռքի ուժն ու եռանդը որևէ երկրում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ցույցեր անելու, ադրբեջանցիների դեմ առճակատման գնալու փոխարեն պետք է ծառայեցնել քաղաքական և հասարակական շրջանակների հետ աշխատանքի վրա, ընդգծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Որովհետև ես կարծում եմ, որ հայկական ուժը՝ այս բառի ստեղծարար իմաստով, այս հասկացության ստեղծարար իմաստով, շատ ավելին է իր նժարով, իր նույնիսկ քաղաքակրթական նշանակությամբ, և ըստ այդմ պետք է դուրս գա այդ մանր առճակատումից և իր խնդիրը դիտարկի ավելի լայն աշխատանքի համատեքստում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ երրորդ երկրներում բռնություններով ուղեկցվող մանր առճակատումների գնալը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։
«Կարծում եմ՝ ադրբեջանցիների նպատակը նաև հենց այն է, որ ստեղծեն աշխարհով մեկ սփռված այդ մանր առճակատումների մի իրավիճակ և դրանով փորձեն հավասարվել, այդպես ասած, հայկական ուժի հետ», - ասաց Հակոբ Բադալյանը: