COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում անցել է 15 միլիոնը, համաճարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 633 հազար մարդ, հիվանդությունից ապաքինվել է շուրջ 8,8 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Կորոնավիրուսից ամենատուժած երկրներից է ԱՄՆ-ը: Այնտեղ վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը, ավելի քան 144 հազար մարդ մահացել է: Մի քանի նահանգներում ռեկորդային թվով նոր դեպքեր են գրանցվում: Երեկ ԱՄՆ-ում COVID-19-ից մահվան ավելի քան հազար դեպք է արձանագրվել: Թեև մահվան դեպքերը երկրում շարունակում են ավելանալ, այնուամենայնիվ, աճն այժմ ավելի քիչ է, քան ապրիլին էր, երբ օրական միջինը 2 հազար մարդ էր մահանում:
Միացյալ Նահանգների նախագահը չեղարկել է Ֆլորիդայում նախատեսված Հանրապետական կուսակցության հավաքը: Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ հիմա ժամանակը չէ «մեծ, մարդաշատ հանդիպում» անցկացնելու: Նա ասել է՝ միջոցառումները կանցկացվեն առցանց, և որոշ պատվիրակներ կարող են հավաքվել օգոստոսի 24-ին Հյուսիսային Կարոլինայում:
Ֆրանսիայում, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակի դեպքերի թվի աճ է նկատվում, այսօր տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, որը վարելու է նախագահ Էմանյուել Մակրոնը: Իշխանությունները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի նոր միջոցներ: