Երևանն ու Բաքուն բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ նախաձեռնություններ են ներկայացնում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Երևանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում` բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Մարիա Զախարովան չի մանրամասնել այդ առաջարկների բովանդակությունը, սակայն պնդել է, որ Մոսկվան քննարկում է դրանք կողմերի հետ: «Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնելով, որ Կրեմլը առավելագույն զսպվածության կոչ է արել կողմերին, Զախարովան նշել է` Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում Մինսկի խմբի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ձևաչափերով`լարվածության հետագա սրացումը կանխելու համար:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այդ և հաջորդած մի քանի օրերին մարտական գործողությունների հետևանքով, պաշտոնական վերջին տվյալներով, ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ և բարձրաստիճան սպաներ, հայկական կողմից՝ 5 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Անցած շաբաթավերջից սահմանին հիմնականում պահպանվում է հարաբերական անդորր: