Բելառուսի ԿԸՀ-ն կրճատել է առաջիկա նախագահական ընտրությունների դիտորդների թիվը

Ընտրություններ Բելառուսում, արխիվ

«Համաճարակի պատճառով» Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կրճատել է առաջիկա նախագահական ընտրությունների դիտորդների թիվը: Նոր որոշման համաձայն, յուրաքանչյուր ընտրատեղամասում դիտորդների առավելագույն թիվը 5 հոգից չի կարող գերազանցել, արգելվել է նաև լրագրողների ներկայությունը քվեարկության համար նախատեսված տեղամասերում:

Հուլիսի 20-ի տվյալներով՝ հավատարմագրված դիտորդների թիվը մոտ 43 հազար է՝ հիմնականում տեղական կազմակերպություններից: ԵԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել է, թե դիտորդներ չի ուղարկի Բելառուս՝ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ պաշտոնական Մինսկից չի ստացել համապատասխան հրավերը։

Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն վեցերորդ անգամ դրանց կմասնակցի նաև երկրի առայժմ անփոփոխ նախագահ 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ՝ ընդդիմադիր նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, գործարար Սերգեյ Չերեչենը, քաղաքացիական ակտիվիստ Անդրեյ Դմիտրիևը և բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան: