Վարակաբան. Վարակակիրների գերակշիռ մասը թեթև ընթացքով է, միայն 1889-ն են հոսպիտալացված

Կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել. երեկ 1072 թեստ է արվել, որից դրական են եղել 273-ը։ Ստացվում է, որ ստուգվածների 26 տոկոսի մոտ վարակը հաստատվել է։ Վերջին շաբաթում այս թիվը տատանվում է 26-27 տոկոսի միջև։ Վարակը Հայաստանում չի շրջանցել 35 հազար 254 հոգու։

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 171 մարդ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Ազատությանը» փոխանցեց՝ հիվանդներից միայն 1889-ն են գտնվում հիվանդանոցներում. - «Սա ի՞նչ է փաստում, որ գերակշիռ մասը թեթև ընթացքով են, որոնք որ գտնվում են առաջնային բժշկական օգնության հսկողության ներքո, եթե տոկոսային հարաբերությամբ էլ խոսենք, գրեթե 10-15 տոկոսն է, որ ունի հոսպիտալային պայմաններում բուժման կարիք: Մնացածն ինքնամեկուսացման պայմաններում են: Սա էլ է գոհացնող ցուցանիշ, բայց ինչ խոսք, մենք պետք է ամեն գործիքակազմ, կադրային ներուժ ուղղորդենք, որ կարողանանք այդ թվերը ժամանակ առ ժամանակ իջեցնել»:

Հուսադրող է, որ վերջին օրերին շատացել է ապաքինվածների թիվը։ Երեկ բուժվել է 704 անձ։ Մտահոգիչը մահացածների թիվն է։ Երեկ կորոնավիրուսից մահացել է 12 հոգի, ամենաերիտասարդը եղել է 63-ամյա տղամարդ, ամենատարեցը՝ 94 տարեկան կին։ Բոլորը ուղեկցող քրոնիկական հիվանդություններ են ունեցել։

Մեկ օրում նաև արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ վարակակիրների մոտ հաստատվել է COVID-19-ը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Փաստորեն, Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասավ 662-ի, ևս 215 վարակակիր մահացել է այլ պատճառներով:

Գլխավոր վարակաբանը, այդուհանդերձ, չի կարծում, որ աշխարհում արձանագրվող ցուցանիշների համեմատ Հայաստանում մահերի թիվը սարսափելի է. - «Այսօր երկրում ձևավորված կարողությունները փորձում են այդ ցուցանիշները նվազեցնել, բայց եթե դնում ենք նորից համեմատականի մեջ, մենք էլի այս թվերի դեպքում, իհարկե, որոնք որ սարսափեցնող չեն, կարելի է այսպես ասել, կարողանում ենք որոշակի արդյունքի և այդ տոկոսը ոչ թե ավելացնել, այլ գոնե պահպանել միևնույն մակարդակի վրա»:

Հայաստանի գլխավոր վարակաբանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են նշանակում այսօրվա թվերը՝ արդյոք կորոնավիրուսը նահանջում է, թե՞ նոր ալիքն ու պիկը դեռ առջևում են։ Լիանա Թորոսյանի կարծիքով՝ առաջիկա օրերին ավելի հստակ պատկեր կլինի, քանի որ Առողջապահության նախարարությունը այսուհետև փոխում է հետազոտության աշխատանքների ծավալն ու ընդլայնում թիրախային խմբերը։ Ըստ այդմ՝ կորոնավիրուսի թեստ կարող են անցնել ոչ թե 38.5, այլ 37.5 ջերմություն ունեցող անձինք։ Պետության կողմից անվճար թեստավորվողների խմբում կավելանան նաև «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ հիվանդները նախքան բուժում սկսելը, հեմոդիալիզ ստացողները և նրանց սպասարկող անձնակազմը, փակ կազմակերպությունների շահառուներն ու անձնակազմը, հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ, ինչպես նաև հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:

«Այդ հետազոտությունները կփաստեն` մենք հասել ենք պիկին, ունենք կայունացում, այսինքն` պլատոյի վրա ենք, թե ոչ, թե ընդլայնելով հետազոտությունների շրջանակը` մենք կունենանք իրավիճակի որոշակի փոփոխություն», - ասաց նա: