Պեսկովը հերքում է, թե Պուտինը դեռևս չփորձարկված պատվաստանյութ է ստացել

Ռուսաստանը պնդում է, որ մոտ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելուն, և որ ռուսական պատվաստանյութը կարող է առաջինը հայտնվել շուկայում: «Բլումբերգն» էլ այսօր գրել է, որ ռուսաստանյան բիզնես և քաղաքական էլիտան դեռևս ապրիլին, երբ երկրում խիստ կարանտին էր, այդ դեռ չփորձարկված պատվաստանյութը ստանալու հնարավորություն է ունեցել: Պաշտոնական Մոսկվան սա հերքում է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, այսօր ասել է, թե երկրի նախագահը նման պատվաստանյութ չի ստացել. - «Կարծում եմ, որ երկրի ղեկավարը չէր կարող ստանալ փորձարկումներ չանցած պատվաստանյութ»: Նա հավելել է, որ պատվաստանյութը դեռ պատրաստ չէ, իսկ երբ այն պատրաստ լինի, առաջին հերթին այն կստանան դրա կարիքն ամենաշատն ունեցող ռուսաստանցիները:

«Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, այսօր գրել է, որ դեռևս ապրիլին փորձարկումներ չանցած պատվաստանյութը ստացել են ռուսական բիզնես և քաղաքական էլիտայի հարյուրավոր ներկայացուցիչներ: Գործակալությունը պնդում է, որ իր տասնյակ զրուցակիցները հաստատել են այս տեղեկատվությունը, սակայն աղբյուրները չի բացահայտում:

Գամալիայի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինսբուրգն այսօր սա «Ինտերֆաքսին» հերքել է` ասելով, որ ոչինչ չգիտի սրա մասին, մինչդեռ Ուղղակի ներդրումների ազգային հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրևը, սակայն, «Ռոյթերս» գործակալությանը հուլիսի 15-ին դեռևս ասել էր. - «Անձամբ եմ ստացել պատվաստանյութը, նորմալ եմ տարել` առանց կողմնակի բարդույթների: Կարող եմ արյան դոնոր լինել ուրիշների համար»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնը հայտնել էր, որ հաքերները, որոնք աջակցում են Ռուսաստանի իշխանություններին, փորձում են առևանգել կորոնավիրուսի պատվաստանյութի և բուժման վերաբերյալ համաշխարհային գիտական և դեղագործական կազմակերպությունների հետազոտական տվյալները: Մոսկվան սա հերքում է և ակնկալում, որ «ԱստրաԶենեկա» ընկերության հետ ավելի վաղ հայտարարված գործարքը տեղի կունենա, չնայած պատվաստանյութի մասին տվյալները հափշտակելու փորձերի վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին:

«Ռուսաստանը նախատեսում է արդեն այս տարի արտադրել Covid-19 փորձնական պատվաստանյութի 30 միլիոն չափաբաժին ՌԴ-ի համար, ինչպես նաև 170 միլիոն այլ երկրների համար», - «Ռոյթերսին» ասել է Կիրիլ Դմիտրևը` հավելելով. - «Անցած շաբաթ ավարտվել է մարդկանց վրա պատվաստանյութի առաջին մեկամսյա փորձարկումը 38 մարդու վրա: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ այն անվտանգ է օգտագործելու համար և առաջացնում է իմունային պատնեշ, թեև այդ պատնեշի արդյունավետությունը դեռ մինչև վերջ ուսումնասիրված չէ: Սպասվում է, որ օգոստոսին կսկսվի երրորդ փուլն ավելի ընդգրկուն փորձարկումներով` մի քանի հազար մարդու մասնակցությամբ»:

Ռուսաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի վարակի նոր` 5 հազար 940 դեպք, տարբեր մարզերում և քաղաքներում այսօր էլ պահպանվում են կարանտինային տարբեր սահմանափակումներ. Սանկտ Պետերբուրգում, օրինակ, դեռ չեն գործում սրճարաններն ու ռեստորանները, թանգարաններն էլ աշխատում են լուրջ սահմանափակումներով: