Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են՝ հայկական մթերքի շուրջ ծագած խնդիրները լուծված են

Հայերը Մոսկվայում գնում են հայկական ծիրան, 18-ը հուլիսի 2020թ.

Մոսկվայի իշխանությունները Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել են հայկական ապրանքների շուրջ Food City-ում ծագած խնդիրները:

«Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հավաստիացրել է, որ խնդիրները կարգավորված են, ապրանքներով բեռնված մեքենաները մտել են շուկա:

«Ես հենց նոր դեսպանի հետ խոսել եմ, որևէ խնդիր չկա, ծիրանները տեղաբաշխված են, երեք բեռնատար մտել է Food City, որևէ խնդիր իրենք չունեն», - Մոսկվայի քաղաքային իշխանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան գործակալությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ Հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները ստիպված տեղափոխել էին այլ առևտրային կենտրոններ։