ՀՀ ՊՆ. Սահմանին գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր

Արխիվ

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ` Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Երեկ երեկոյան Իջևանում հրավիրված ասուլիսի ժամանակ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց իսրայելական SkyStriker անօդաչու թռչող սարքի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու մասին տեղեկությունը. - «Այո, հաստատում եմ, և սակայն չեմ ուզում բացեմ փակագծերը, որովհետև մեր ձեռքին շատ հաճախ ադրբեջանական զենք-զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի նմուշները հայտնվում են ամենատարբեր մեթոդներով ու եղանակներով, դրանք այնքան էլ ճիշտ չի մեկնաբանել և բացել փակագծերը»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: