Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, այսօր միջնորդեց իրեն անմեղ ճանաչել մահափորձ կատարելու գործով և դադարեցնել քրեական հետապնդումը։
«Անհնար է օրինական դատական ակտ կայացնել` ի շնորհիվ մեղադրանքի կողմի, իրենք հաստատում են իրենց ապօրինի գործողություններով, և եթե նույնիսկ դատարանը գտնի, որ Հայկ Սարգսյանը, ապա սպանության փորձ ընդհանրապես չկա, ուստի եթե նախորդ միջնորդությունները դատարանը չբավարարի, ապա միջնորդում եմ Հայկ Սարգսյանին քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակավորել օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով կամ 112 հոդվածի 1-ին մասով, և քրեական պատասխանատվության ենթարկելով վաղեմության ժամկետը փաստերի հիմքով` դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը», - ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Չնայած պաշտպանական կողմի միջնորդությանը՝ Հայկ Սարգսյանին 7 տարվա ազատազրկում է սպառնում, նման միջնորդություն ավելի վաղ դատախազն էր ներկայացրել։
Կազատազրկվի Ալեքսանդր Սարգսյանի որդին, թե ոչ, հայտնի կդառնա արդեն օգոստոսի 26-ին, դատարանն այսօր գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։
Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի համար։ Պաշտպանական կողմը մեղադրանքն ապօրինի, քրեական գործն էլ կարճման ենթակա է համարում։ Այսօր պաշտպանական ճառի ընթացքում պաշտպան Երեմ Սարգսյանը շուրջ 2.5 ժամ ներկայացրեց իրենց դիրքորոշումը հարուցված քրեական գործի վերաբերյալ. - «Ամփոփելով դատաքննության ընթացքում հետազոտված տուժող Սիմոնյանի ցուցմունքները` պետք է արձանագրել, որ ըստ էության տուժողը բոլոր ցուցմունքներով պնդել է, որ 2007թ. ապրիլին իրեն կրակել, մարմնական վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, պնդել է, որ նախքան կրակելը սպառնացել է սպանել, իսկ մեկ կրակոց արձակելուց հետո նրա ատրճանակը վերցրել է Արթուր Սիմոնյանը և կանխել: Այսինքն` մեղադրողը մեզ բոլորիս համոզում է, որ դատաքննության ընթացքում, նախաքննության ընթացքում բոլոր ցուցմունքներով պնդել է այս ամեն ինչը, որ Հայկ Սարգսյանը կրակելուց առաջ սպառնացել է իրեն, որ սպանելու է»:
Պաշտպանի խոսքով՝ տուժող Դավիթ Սիմոնյանը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ այդ հանգամանքի մասին ոչինչ չի հայտնել. - «Եվ այսքանից հետո մեղադրողը պնդում է, որ իբրև տուժող իր բոլոր ցուցմունքներում պնդել է, որ կրակելուց առաջ և դրանից հետո Հայկ Սարգսյանը տուժողին սպառնացել է, որ սպանելու է»:
Դատարանում քննվող դեպքը տեղի է ունեցել 11 տարի առաջ: 2007 թվականին Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Գործը, սակայն, կարճվել էր, քանի որ ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյան և հայտնել, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը, որը վերջին մի քանի ընտրությունների ժամանակ աչքի է ընկել որպես հանրապետականների վստահված անձ, նոր ցուցմունքներ է տվել` նշելով, որ իրականում իրեն փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։