Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել


Հայկ Սարգսյանը բերման է ենթարկվում իրավապահների կողմից, 4-ը հուլիսի, 2018 թ.
Հայկ Սարգսյանը բերման է ենթարկվում իրավապահների կողմից, 4-ը հուլիսի, 2018 թ.

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն, նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ այս հարցով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն այնտեղ դեռ որոշում չի կայացվել։

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին, հիշեցնենք, քրեական գործում ներգրավվել է 11 տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված: 2007 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ապա ոստիկանություն էր ներկայացել Ա. Ղևոնդյանը, հանձնել էր մի ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա: Այդպիսով՝ այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը մոտ 2 ամիս անց կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Սակայն այս տարվա հուլիսի 3-ին՝ նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել գործի նախաքննությունը։ Արդյունքում պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանը 11 տարի առաջ հրազենային վնասվածքը ստացել է ոչ թե Ա․ Ղևոնդյանի, այլ Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։ Իսկ դեպքը տեղի էր ունեցել երրորդ նախագահի եղբորորդու բնակության վայրում՝ Թումանյան 11 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկում։

Ի դեպ, սա հենց այն հասցեն է, որտեղ հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շուրջ ինը ժամ խուզարկում էին իրականցնում, ինչից հետո, ուշ երեկոյան, Հայկ Սարգսյանը տարվեց քննչական բաժին, ապա չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց։

Նոր զարգացում կա նաև Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդուն՝ Նարեկ Սարգսյանին առնչվող քրեական գործում։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ-ից, երեկ Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և իրավապահներին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող, 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը, ով Նարեկ Սարգսյանի թիկնապահն է:

Հիշեցենք՝ Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, քանի որ իրավապահները պարզել էին, որ Նարեկն իր թինկապահի հետ հունիսի 22-ին մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով։ Իսկ մինչ Հայաստանը լքելը Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանի միջոցով իր ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին էր փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին:

Ավելի ուշ՝ հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով նա Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Այդ ճամպրուկներում հայտնաբերվել էր կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են թմրանյութ ընդունելու նպատակով։ Արտեմ Պետրոսյանը կալանավորված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG