Սահմանին այս պահի դրությամբ հիմնականում պահպանվում է հրադադար, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նրա ներկայացմամբ` միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։
«Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, այդ թվում՝ երկու սպա:
Այսօր Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հայտնեց, որ հայկական կողմը ընդհանուր թվով 20 վիրավոր է ունեցել: