Մատչելիության հղումներ

Մեր զոհերը ենթադրաբար եղել են երկու «կամիկաձեների» օգտագործման հետևանքով․ Անդրանիկ Քոչարյան


Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զրուցում է լրագրողների հետ, 15 հուլիսի, 2020թ.
Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զրուցում է լրագրողների հետ, 15 հուլիսի, 2020թ.

«Հավերժ փառք հերոսներին»:

Ազգային ժողովն աշխատանքները սկսեց վերջին արյունալի մարտերում զոհված հայ զինծառայողների հիշատակը հոտնկայս հարգելով։ Նրանք չորսն են՝ Գարուշ Համբարձումյանը, Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը, որոնք նաև հետմահու պարգևատրվեցին։

«Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների արդյունքում իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի չորս զինծառայողներ: Ուզում եմ առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը», - ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար, իշխանական «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը փակագծեր է բացում՝ հայկական կողմի զոհերը ենթադրաբար եղել են երկու «կամիկաձե» տեսակի անօդաչու սարքերի օգտագործման հետևանքով։ Զինված ուժերը, ըստ Քոչարյանի, իրավիճակը շատ վստահ վերահսկում են, որպես օրինակ բերում է հակաօդային ուժերի երեկվա գործողությունները. - «Զինված ուժերը 16 թվականի ապրիլից հետո վերադասավորել են իրենց կառավարելիության հետ կապված խնդիրները, և այսօր էլ իրենք ամբողջական ավելի կառավարելի բարձր մակարդակի վրա են, և շարունակաբար այդ համակարգի հզորություններն ավելացվում են: Երկու օրվա ընթացքում տասը անօդաչու թռչող սարք և մեկ իսրայելական արտադրության այն, ինչ որ խոցվեց, և այնքան ցավալի էր արտադրողի ու Ադրբեջանի համար, որովհետև մեծ գումարներ էին ծախսել: Վարկաբեկում էին այն վերջին նաև ներսում ձեռքբերումը մեր հակաօդային ուժերի, որոնք ոնց որ թե պետք է չկարողանային, բայց պարզվեց, որ մոդերնիզացրած համակարգերն ի վիճակի են գերժամանակակից, իսրայելական արտադրության Հերմես 900-ներին խոցեն, իսկ դա կառավարող համակարգն էր, որը պտտվում էր, և մնացած մեր զոհերը, գիտեք, որ ենթադրաբար, մեծ հավանականություն է, որ եղել են երկու «կամիկաձեների» օգտագործման արդյունքում», - ասաց նա:

Այսօրվա հարաբերական անդորրը խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պայմանավորում է նրանով, որ հակառակորդը նկատել է՝ կիրառած գործիքակազմն էֆեկտիվ չէ. - «Եվ այս պահի դրությամբ այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակորդին, և Հայաստանի հետ ուժի դիրքերից իրենք հասկացան, որ խոսելը հնարավոր չէ»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան, արխիվ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան, արխիվ


Խորհրդարանի թե՛ իշխանականները, թե՛ ընդդիմադիրները լայնածավալ պատերազմը քիչ հավանական են համարում: Իշխանական «Իմ քայլից» Միքայել Զոլյանի կարծիքով՝ պատերազմի որոշումը խելահեղություն կլիներ Ալիևի համար. - «Այստեղ Ալիևն իրոք ինքն իրեն ծուղակի մեջ է դրել, որովհետև մի կողմից` հենց իրենց այդ տարիներով սնուցվող հակահայկական ատելությունն, այդ ռազմատենչ տրամադրությունները, ռևանշիզմը, միլիտարիզմը և այլն, և հիմա ճակատով նրանք ունեն անհաջողություններ, որն ակնհայտ է. ադրբեջանական բանակի գեներալ է սպանվել: Մենք, իհարկե, չենք կարող բացառել, որ ճգնաժամի իրավիճակում հայտնված բռնապետը կարող է շատ սխալ որոշումներ ընդունի, որոնք հենց իր համար շատ վատ հետևանքներ կունենան: Մեր ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան, արխիվ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան, արխիվ


Ընդդիմադիր «Լուսավորից» Գևորգ Գորգիսյանը հենց Ադրբեջանի երեկվա բողոքի ակցիաներից է եզրահանգել, թե պատերազմ չի ծավալվի. - «Իրենք արդեն ներսում լուրջ խնդիրների առաջ կանգնեցին, որովհետև փորձում էին ինչ-որ ձև հրահրել, կարծես թե, հերթական հայատյացության ալիքը, որ այ մեր ժողովուրդն է ուզում սպանել, բնաջնջել հայերին, դա մենք չենք որպես իշխանություն, որպես խունտա, որպես բռնապետ: Բայց, կարծես թե, մի քիչ այլ կերպ ընթացան այդ ներքին պրոցեսները, և հիմա այդ նույն ժողովուրդը պահանջում է իշխանության հրաժարականը, փոփոխություն և այլն: Շարունակություն սա դժվար թե ունենա, համենայն դեպս այս օրերին, բայց այլ տարբերակ, քան հզորանալը և պատրաստվել պատերազմին, մենք ուղղակի չունենք»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 15 հուլիսի, 2020թ.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 15 հուլիսի, 2020թ.


Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասում է` ինչքան շարունակեն, այնքան Ադրբեջանի կորուստները մեծանալու են․ - «Ստեղծված իրավիճակից այն կորուստները, որ կրում է Ադրբեջանը և նրա ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջ, ցույց է տալիս, պետք է լայնածավալ շարունակություն չունենա, որովհետև ինչքան ունենա, այնքան կորուստները մեծանալու են: Մենք տեսնում ենք, որ սա խուճապային նշաններ է ցույց տալիս, և սա շատ կարևոր դիրք էր, այն, ինչ որ մենք ունենք այսօր, որովհետև այնտեղից երևում են և՛ խողովակաշարերը Բաքու-Ջեյհանի, և՛ Քուռի հարթավայրը, այսինքն` այնտեղից հետո հարթավայր է սկսվում, սա լուրջ ստրատեգիական բան է, ուրիշ այդպիսի դիրք այնտեղ չկա: Մնում է, որ մենք կարողանանք, որքան գիտեմ, որ այնտեղ հիմա ճիշտ ամրացվում են»:

XS
SM
MD
LG