ՀՀ-ում Բելառուսի դեսպանն իր մտահոգություն է հայտնել սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը կարևորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հուլիսի 12-ից սկսած և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների կառուցողական դիրքորոշման կարևորությունը:

Բելառուսի դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն արդյունավետ քաղաքական երկխոսություն և զարգացող գործընկերություն ինտեգրված միավորումների շրջանակում: Նա մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան:

Զրուցակիցները փոխանակվել են նաև կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ ու փորձով՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակային ճգնաժամը: