Կրեմլն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակով, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլում անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին մարտական գործողություններով և կողմերին զսպվածության ու կրակի դադարեցման կոչ են անում:

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություններով: Կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները պահպանելու կոչ ենք անում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը, մենք այդ մասին նաև հայտարարել ենք տարբեր մակարդակներում, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման ուղղությամբ՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ: Գիտեք, որ ինտենսիվ հեռախոսային շփումներ են եղել արտգործնախարար Լավրովի և Բաքվի ու Երևանի նրա գործընկերների միջև: Հետևաբար՝ կրկին զսպվածության կոչ ենք անում երկու կողմերին», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Հիշեցնենք, նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նույնպես մտահոգություն հայտնելով և կողմերին զսպվածության կոչ անելով:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը կիրառում են հրետանի, այլ զինտեխնիկա: Ադրբեջանական կողմից, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ սպաներ, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձ: Հայկական կողմից, ինչպես այսօր հաղորդեց Պաշտպանության նախարարությունը, երկու սպա է զոհվել՝ մայոր և կապիտան: