ԱԹՍ-ով թիրախավորվել են Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան. ՊՆ խոսնակ

Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան, այսօր Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երեք զինծառայողներ և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Հայկական կողմը երեկ հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման մասին: Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտեց այդ գործողությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց վրա:

Անցած գիշեր Տավուշի մարզի գյուղերում հարաբերական անդորր է եղել: