Մնացականյանը Բորելին ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորել, արխիվ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հետ:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ, Մնացականյանը դատապարտել է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երեք զինծառայողներ և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: