Մնացականյանը և Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը հաղթահարելու ուղիները

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

Մնացականյանը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: