Հուլիսի 13-ը Ղազախստանում հայտարարվել է համազգային սգո օր՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհերի: Երկրում չեղարկվել են ժամանացային միջոցառումներն ու հաղորդումները, իջեցվել են պետական դրոշները, մզկիթներում և եկեղեցիներում նախատեսված են կրոնական միջոցառումներ:
«Հիվանդությունը շարունակում է ղազախստանցիների կյանքեր խլել: Պաշտոնական տվյալների ետևում հարյուրավոր ընտանիքների ողբերգությունն է. մեկը կորցրել է հորը, մյուսը՝ մորը, եղբորը, քրոջը, որդուն, դստերը: Սա բոլորիս համընդհանուր ողբերգությունն է», - հատուկ ուղերձում ասել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Ավելի քան 18 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը շուրջ 60 հազար է, որից մահացել են 375-ը, ևս շուրջ 100 վարակակիր մահացել է այլ պատճառներով։
Վերջին շրջանում երկրում արձանագրվում են թոքաբորբի մեծ թվով դեպքեր, հիվանդների մոտ, սակայն, կորոնավիրուսի թեստը բացասասական արդյունք է տալիս: Միայն անցած մեկ շաբաթվա ընթացքում հաստատվել է նման 39 հազար դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ խոսքը ամենայն հավանականությամբ կորոնավիրուսային հիվանդության մասին է, որը սխալ է ախտորոշվել: