Արցախի ՊՆ. Շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է

Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Չնայած երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: