Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով՝ Անջեյ Դուդան վերընտրվել է

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, Վարշավա, 12-ը հուլիսի, 2020թ.

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթել է գործող նախագահ Անջեյ Դուդան` ստանալով քվեների ավելի քան 51 տոկոսը: Նրա մրցակցի՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկիի օգտին է քվեարկել ընտրողների մոտ 49 տոկոսը:

Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, արձանագրվել է ընտրողների աննախադեպ բարձր մասնակցություն՝ ավելի քան 68 տոկոս:

«Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Անջեյ Դուդան նախագահի պաշտոնը զբաղեցնում է արդեն հինգ տարի, նա խոստացել է վերընտրվելու դեպքում շարունակել իր պահպանողական քաղաքական գիծը և աջակցել կառավարության սկսած՝ սոցիալական բարեկեցությանն ուղղված ծրագրերին:

Դուդայի քաղաքական մրցակից՝ լիբերալ հայացքներով ընդդիմադիր Տշասկովսկին ընտրողներին խոստանում էր չեղարկել արդարադատության համակարգի կառավարության նախաձեռնած վիճահարույց բարեփոխումները, որոնք Վարշավայի և Եվրամիության միջև կոշտ տարաձայնությունների տեղիք են տվել: