Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 13 միլիոնին, մահացածների թիվն անցել է 569 հազարը, բուժվածներինը՝ 7,1 միլիոնը

Համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփը հասարակության մեջ հայտնվեց դիմակով, Բեթհեզդա, Մերիլենդ, 11-ը հուլիսի, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը մոտենում է 13 միլիոնին, հիվանդությունից մահացածների թիվն անցել է 569 հազարը, բուժվածներինը՝ 7,1 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակվածների քանակով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, չորրորդ տեղում Ռուսաստանն է:

Համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ ԱՄՆ նախագահը հասարակության մեջ հայտնվեց դիմակով և հայտարարեց, որ երբեք դեմ չի եղել դիմակներին: Նախկինում Դոնալդ Թրամփը երբեք դիմակով չէր մասնակցել ասուլիսների, քաղաքական հանրահավաքների և այլ միջոցառումների: Associated Press-ն նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը դիմակների վերաբերյալ միանշանակ չի արտահայտվել:

Համաճարակային իրավիճակը շարունակում է ծանր մնալ Կենտրոնական Ասիայի երկրներում. Ուզբեկստանում նոր սահմանափակումներ են մտցվել, Ղրղըզստանում բժիշկներին հետ են կանչում արձակուրդներից, սահմանները փակ են:

Ուզբեկստանի հազարավոր քաղաքացիների մնացել են ռուս-ղազախական սահմանին: Մնալով առանց աշխատանքի Ռուսաստանում՝ նրանք փորձում էին տուն վերադառնալ Ղազախստանով, բայց այնտեղ խստացրել են սահմանափակումները` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով: Միգրանտները հայտնվել են բաց դաշտում 37 աստիճան շոգի պայմաններում՝ առանց սննդի, ջրի և ֆինանսական միջոցների: