Հայկ Եսայան․ Շատ շուտով գործարքը կտանենք իր դյուրին ավարտին

ԹԻՄ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն տվեց «Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքը նորաստեղծ «ԹԻՄ» ընկերությանը։

Թե որքան է գործարքի արժեքը, «ԹԻՄ»- ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը չհայտնեց` պատճառաբանելով, որ դա առևտրային գաղտնիք . – «Արդեն մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլտվությունը, և պրակտիկորեն արդեն մեր կոլեգաների հետ Ամստերդամի մենք կշարունակենք էս փուլի վերջնական ձևակերպումների հարցը քննարկելը: Եվ կարծում եմ, շատ շուտով գործարքը կտանենք իր դյուրին ավարտին»։

ՆախօրեինՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) էր թույլատրել «Թիմ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը։

Միևնույն ժամանակ, ինչպես «Ազատությանը» հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, սահմանվել է, որ «Թիմ» ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումից հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ չիրականացնել: Ըստ հանձնաժողովի, կրճատումները չեն կարողանա գերազանցել աշխատակիցների ընդհանուր թվի տասը տոկոսը։

Հեռահաղորդակցության մեկ այլ՝ «Յուքոմ» ընկերությունից վերջերս հեռացած Եսայան եղբայրների հիմնադրած «Թիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ աշխատակիցների ազատում, այն էլ զանգվածային չի իրականացվելու. – «Ես կարող եմ օֆիցիալ հայտարարել, որ մենք նման մտադրություն չունենք: Մենք ունենք մտադրություն օգտագործելու այդ աշխատակիցների ներուժը և հավելելով մեր աշխատակիցներին՝ ընկերությունն ավելի զարգացնել։ Մենք չենք ուզում գնալ կրճատումների կրճատումների ճանապարհով: մենք ուզում ենք գնալ հստակ զարգացման ուղով, և ուզում ենք աշխատակիցներ ավելացնել, ուզում ենք հասույթ ավելացնել, ծառայությունների տիպեր ավելացնել, մի շարք ներդրումներ անել նոր ոլորտներում, որոնցում չի եղել «Բիլայնը»: Եվ վստահ եմ, որ էն անձնակազմը, որ այնտեղ կա այսօր, բանիմաց անձնակազմ է, ունի տարիների փորձ: Սովետական Միությունից հետո առաջին օպերատորն է եղել վերջ ի վերջո: Եվ ունի այնպիսի ինֆրաստրուկտուրա, որը իրենց կարիքը ունի, և մենք շատ հարցերում չենք կարող այդ ինֆրաստրուկտուրայից տեղյակ լինել: Իրենք մեզ անհրաժեշտ են: Իսկ մեր աշխատակիցները, որ մենք ունեն «Թիմ» ընկերությունում, ընդամենը հավելելու են նոր տիպի ծառայությունները, որոնք որ չկան: Եվ վստահ եմ, որ երկու թիմերի միացումը մեզ հնարավորություն կտա շուկայում նորարարական լուծումներով հանդես գալ»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջև էին նաև «Բիլայն»-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք մտահոգված էին, որ կկորցնեն իրենց աշխատանքը։

«Վեոն»-ի հիմնական բաժնետերը ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանն է։ Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերությունն է ցանկանում գնել «Վեոն Արմենիան»։ Ընկերություններն անցած տարվա դեկտեմբերի 30-ին էին դիմել ՏՄՊՊՀ՝ թույլտվություն ստանալու համար։ Սակայն ընկերության կառավարման խորհրդում անհամաձայնություններից ու Եսայան եղբայրների հեռանալուց հետո այդ գործարքը, ինչպես հայտնի է, ձախողվեց։