Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց, «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նախքան որոշման հրապարակումը Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Իհարկե այստեղ քրեական գործ առկա չէ, իհարկե, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ»։

«Ազատության» հարցին, թե արդյոք նրա դեմ ցուցմունք տված անձ կա՞ և առերեսում եղե՞լ է, փաստաբանը պատասխանեց. «Արա Բաբլոյանի դեպքում չի եղել առերեսում, այսինքն՝ չկա իր դեմ ցուցմունք»։

ԱԺ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: