Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են, ի պատասխան «Ազատության» հարցմանը՝ հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար:
Օրերս Դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել մեղադրական եզրակացությունն ու այն հետ էր ուղարկել ՀՔԾ՝ որոշակի առաջարկություններով։ Ըստ Դատախազության, նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները, և երկուսին էլ պետք է նոր մեղադրանք առաջադրի։
Արա Բաբլոյանը ի սկզբանե մեղադրվում էր իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար, Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիքի համար: