Հայաստանը հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի խմբաքանակ է գնել, որը երկրում կլինի մոտ 10 օրից, այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Որպես օրինակ՝ «Ռեմդեսիվիր»-ի խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես մեկ շաբաթ, 10 օրից Հայաստանում կլինի, ռուսական «Ավիֆավիր»-ի բանակցություններն ենք տանում, ինչպես նաև ճապոնական և ռուսական «Ֆավիպիրավիր»-ի բանակցություններն ենք տանում, և ճապոնականից արդեն ստացել ենք, որը գտնվում է արդեն մեր մոտ և շուտով կսկսվի օգտագործվել», - ասաց Թորոսյանը:
Ըստ մասնագետների՝ «Ռեմդեսիվիրը» զսպում է վիրուսի բազմանալու համար անհրաժեշտ ֆերմենտը և այդպիսով կասեցնում հիվանդության հետագա զարգացումը։ Այս տարվա ընթացքում տարբեր երկրներում փորձնական կարգով «Ռեմդեսիվիր» են ներարկել նոր կորոնավիրուսով ախտահարվածներին։ Արդյունքը վկայում է դեղամիջոցի բավական բարձր արդյունավետության մասին։ Ըստ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ապրիլյան զեկույցի, «Ռեմդեսիվիր»-ի շնորհիվ Covid-19-ով հիվանդը միջինը 15 օրվա փոխարեն 11 օր է մնացել հիվանդանոցում:
Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, Թորոսյանն ասաց, դրանք լինելու են և միակ միջոցն են՝ թույլ տալու վերադառնալ առանց դիմակների կյանքին։ Այս պահին աշխարհում մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից 20-ը մեծ հնարավորություն ունեն դառնալու վերջնական արտադրանք, նշեց նախարարը՝ հավելելով՝ Հայաստանի կառավարությունը ևս բանակցություններ է վարում արտադրողների և միջազգային կազմակերպությունների հետ։
«Բոլորը փորձում են դեռ չարտադրված և դեռ չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել, նույնիսկ, տարբեր տեղեկություններով, գումարը նախապես վճարելով: Իհարկե, բանակցությունների մեծ մասը գաղտնիության քողի տակ են գնում, սակայն մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ թե՛ ուղիղ արտադրողների հետ, որից մեկի մասին խոսեցինք, թե՛ հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են, ՅՈւՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, ԳԱՎԻ-ն, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել», - նշեց Թորոսյանը:
Առողջապահական գերատեսչության ղեկավարը Հայաստանում մարտից մտցված արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն է տեսնում։ Միևնույն ժամանակ, մտածում են նաև՝ եթե արտակարգ դրությունը դադարի, ապա օրենսդրական մակարդակով հնարավորություն ունենան հասարակությանը պարտադրելու պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Արտակարգ դրությունով պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն», երբ որ արտակարգ դրությունը հանելով և այլ իրավական կարգավորումներ չունենալով կունենանք պայթյունաձև տարածում հիվանդության՝ դրանից բխող ծանր և աղետալի հետևանքներով», - ընդգծեց Առողջապահության նախարարը:
Նախօրեին 1273 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվել 349 մարդու մոտ, առողջացել է 605-ը, մահացել՝ քրոնիկական հիվանդություն ունեցող 12 անձ, ևս 5-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ, սակայն այլ պատճառով են մահացել։
Վարակվածների հաստատված դեպքերի ցածր թիվը, ըստ նախարարի, պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրերին ավելի քիչ թվով թեստեր իրականացնելու հետ։ Իսկ երեքշաբթիից թիվը կրկին աճելու է։
Նախարարը նշեց՝ առաջիկայում պետական պատվերի շրջանակում իրականացվող թեստավորումների քանակը կհասնի օրական մոտ 3000-ի: Դրան զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թեստավորման թիվն էլ միասին, հնարավոր է, որ օրական լինի 4000 թեստ։ Կավելացվի նաև լաբորատորիաների թիվը։ Այժմ իրականացվում է մինչև 2500 թեստավորում։
Թորոսյանն ասաց՝ մահճակալային ֆոնդը մնում է զբաղված։ Այդ իսկ պատճառով՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նաև նոր հիվանդանոցներ:
Արդյոք կրկնակի վարակի դեպքեր լինո՞ւմ են, հարցի պատասխանը դեռ չկա: Հայաստանում մինչ այս պահը, նախարարի տեղեկացմամբ՝ նման դեպք արձանագրված չէ։ Ասաց՝ առնվազն պետք է զգույշ լինել, քանի որ նույնիսկ, եթե մարդը վարակվել ու ապաքինվել է, դա դեռ 100 տոկոսանոց երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չի վարակվի։
«Մենք, իհարկե բոլորս հույս ունենք, որ դա այդպես կլինի, և բոլոր վարակված քաղաքացիները չեն վարակվի, կամ եթե նույնիսկ վարակվեն, այլ հիվանդությունների նման հնարավոր է, որ երկրորդ վարակն ավելի թեթև տանեն, բայց քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել», - ընդգծեց առողջապահության նախարարը:
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից՝ մարտի 1-ից ի վեր՝ արդեն 29 հազար 285 մարդ է վարակվել, 503-ը մահացել են, վարակված, սակայն այլ պատճառով մահացածների թիվը 164 է, այս պահին Covid-19-ից բուժվում է 11 հազար 711 մարդ: