Մատչելիության հղումներ

Արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց Կառավարությունն այլ լուծումներ էլ է դիտարկում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 6-ը հուլիսի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 6-ը հուլիսի, 2020թ.

Չորս ամիս շարունակվող և հաջորդ շաբաթ ավարտվող արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ անգամ: Միաժամանակ, սակայն, Կառավարությունը դիտարկում է այլ լուծումներ՝ ընդունելով, որ արտակարգ դրության ռեժիմն անվերջ չի կարող պահպանվել:

«Առնվազն հիմա արտակարգ դրությունը մենք կերկարացնենք, բայց նաև արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել», - պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Այո, մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Էնպես որ, էստեղ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների»:

Վարչապետի խոսքով՝ վարակի տարածման այսօրվա տեմպը արտակարգ դրությունը չերկարացնելու այլընտրանք չի թողնում:

«Ամենամեծ խնդիրը անորոշություններն են: Մենք ասում ենք՝ էսօր շատ թե քիչ հարաբերականորեն կայուն է իրավիճակը, բայց ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ վաղը էդ իրավիճակը գլխիվար կպպտվի: Մենք ամեն օր լարվածությամբ սպասում ենք գիշերվա ժամը !2-ին՝ տեսնենք քանի դեպք է արձանագրվում: Ցավոք սրտի, չկա երաշխիք, չկա երաշխիք, որ մենք մի իքս պահի չենք ունենա օրական 800, 900, 1000 դեպք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին, ապա ամեն ամիս այն երկարաձգվել է ևս մեկ ամսով:

XS
SM
MD
LG