Դատարանը արդեն երկրորդ անգամ մերժում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը՝ կալանավորել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։
Մերժման որոշումը կայացրել է Ավանի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։
Հետախուզման մեջ գտնվող և պարբերաբար իր բնակության վայրի խոհանոցից իշխանությունների հասցեին քննադատական տեսանյութեր տարածող Միքայել Մինասյանին ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատության» հետ զրույցում փոփանցեց, որ նիստը կայացել է կեսգիշերին, և դեռ որոշումը չեն ստացել։ Հավելեց, որ երկրորդ անգամ Մինասյանին կալանավորելու մասին միջնորդության հիմքում ՊԵԿ-ը նոր դրվագ է ներառել, որն առնչվում է բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ընկերությանը։
«Այդ դրվագի մասին խոսվել է նաև քաղաքական շրջանակներից մինչև ավելացնելը, այս մասը ես հատկապես ուզում եմ ընդգծել, խոսքը վերաբերում է «Սպայկա» ընկերությանը: Վերագրվել է «Սպայկա»-ի գործունեության ինչ-որ մի մասը պարոն Մինասյանին», - ասաց Մակինյանը:
ՊԵԿ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ հուլիսի 5-ին դատավոր Վահագն Մելիքյանի կայացրած որոշման հիմք է հանդիսացել բացառապես քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջների յուրովի մեկնաբանումը և իրավիճակի գնահատումը։ Դա, սակայն, կասկածի տակ չի դնում Միքայել Մինասյանին մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների կատարված լինելու հանգամանքը: Ավելին, թե՛ այս որոշմամբ, թե՛ նաև վերաքննիչ
դատարանի կողմից կայացված որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Մինասյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման հիմնավոր կասկածին․ - «Այսինքն, մինչ օրս Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննարկված ու կայացված դատական ակտերից միայն մայիսին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կայացած որոշմամբ է քննարկվել և վերլուծվել Մինասյանի մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել է իրավաչափ»:
Ըստ ՊԵԿ-ի, քննությունը պարզել է, որ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանը 2012-2018 թվականներին կասկածելի աղբյուրներից ստացած խոշոր ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, սակայն այդ մասին ոչինչ չի նշել իր հայտարարագրերում։
Սա Պետական եկամուտների կոմիտեի երկրորդ միջնորդությունն էր առաջին ատյանի դատարան։ Նմանատիպ միջնորդություն նախաքննական մարմինը ներկայացրել էր անցած մայիսին։ Այն ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր այն և կալանավորման որոշում կայացրել։ Մինչդեռ Մինասյանի փաստաբանները այս որոշումը բողոքարկել էին վերաքննիչ ատյանում, որն էլ վերացրել էր նրանց պաշտպանյալին կալանավորելու որոշումը։
Փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում է՝ իր պաշտպանյալի գործը սին է, հորինված։
«Ամիսներ շարունակ առնվազն ակնհայտ պայմաններում պարոն Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեաքաղաքական հետապնդման արդյունքն այն է, որ պարոն Մինասյանի նկատմամբ այս պահի դրությամբ էլ կալանավորման որոշում առկա չէ: Մեղադրանքները բացարձակ հիմնազուրկ են, դրանք ցանկությունների արձանագրում են A4 ֆորմատի վրա», - ընդգծեց Մակինյանը:
«Ազատության» դիտարկմանը, որ որոշ շրջանակներ, մասնավորապես, ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ և նույնիսկ իրավապաշտպաններ, խոսում են այն մասին, որ Հայաստանի երրորդ նախագահն ու իր շրջապատը տարիներ շարունակ առնչվել են ապօրինի հարստացման հետ, Մինասյանի փաստաբանն արձագանքեց. - «Անհեթեթ հայտարարությունները ես կարծում եմ, որ պետք չի, որ ես մեկնաբանեմ»:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հունիսի 8-ին Ֆեյսբուքում անդրադառնալով Մինասյանի քրեական գործին՝ պնդել էր․ - «Մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Մինասյանի հին համակարգիչը, որից հնարավոր է եղել վերականգնել ջնջված 9000 ֆայլերը»։ Ըստ պատգամավորի, դրանցում եղել է տեղեկություն այն մասին, թե «Մինասյանը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել»։
«Ազատության» հարցին՝ որտեղի՞ց պատգամավորին նախաքննական տվյալներ, Հակոբյանը պատասխանել էր՝ չի մանրամասնի՝ կրկին պնդելով, որ դրանք «հավաստի, ստուգված փաստեր են»:
Մինասյանի փաստաբանը այսպես արձագանքեց. - «Նշել է, որ «մեր մասնագետները» ու չգիտեմ «վերծանել են, գտել են» և այլն․․․ Իմ մոտ հարց է առաջանում, թե Քրեական դատավարության օրենսգրքում փորձագետի կարգավիճակն ինչպես կարող է լինել որևէ մեկինը այն տրամաբանությամբ, որ փորձագետը քրեական գործով չշահագրգռված մեղադրանքի և պաշտպանության կողմերում չգտնվող, կամ որևէ կողմում չգտնվող անձ է: Այդ «մեր»-ին դեռ կանդրադառնանք ու մնացածի մասին էլ կխոսենք»:
Անցած ամիս ՊԵԿ-ը հայտարարեց, թե Միքայել Մինասյանի և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության մեջ։ Ըստ ՊԵԿ-ի, հիմնավորվել է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող Մինասյանը 2017-2018-ի ընթացքում միլիոնավոր դրամներով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտը, այսինքն՝ Միքայել Մինասյանն ապօրինի հարստացել է։
Ի դեպ, 2013 թվականին Մինասյանը արդեն իսկ բավականին լուրջ կարողություն էր հայտարարագրել, այդ թվում՝ հայտնի արվեստագետների 200-ից ավելի թանկարժեք գեղանկարներ, արձանիկներ ու քանդակներ, նաև 3 առանձնատուն, մեկ ամառանոց, մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, 2 ընկերություններում բաժնեմասեր։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել էին 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո և 1 միլիոն 304 հազար դոլար։