Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

«Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն», - ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

Նախագահը նշում է նաև` մեզնից առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն և զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու և առաջ շարժվելու համար. «Մենք պարտավոր ենք լինել շրջահայաց, միասնական ու նախաձեռնող, որ ունենանք և վաղվա սերունդներին փոխանցենք կայուն և զարգացած երկիր՝ ուժեղ պետության, համերաշխ և հանդուրժող հասարակության, պետական անխաթար խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, պետության զարգացման և ազգային միասնականության հիմքը կազմող Սահմանադրության տեսքով, որպես հզոր և բոլոր առումներով առողջ Հայաստան»։

Շնորհավորական իր ուղերձում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: «Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաեւ այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:

Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետև Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին», - ասված է նրա ուղերձում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` չնայած իր դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխություններն անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանն անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, վերոնշյալ հանգամանքների գիտակցումը իրեն բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:

«Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու ու պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի:

Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք` նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ», - նշված է վարչապետի ուղերձում:

Երկրի հիմնական օրենքն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով, փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին: Այս հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այդ փոփոխությունները, համաձայն որոնց Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, մնում ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, ուղարկվում են թոշակի, արդեն ուժի մեջ են: