«Թվերի առումով փոքր նվազում տեսնում ենք, բայց դեռևս շատ վաղ է որևէ գնահատականներ տալ». ԱՆ խոսնակ

Բուժաշխատողներ, շտապ բուժօգնության ավտոմեքենաներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, հունիս, 2020թ.

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 580-ով՝ հասնելով 27 հազար 900-ի։ Մեկ օր առաջ կատարվել է 2 հազար 143 թեստավորում։ Այսինքն` թեստերի 27 տոկոսը դրական է եղել։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ այս պահին կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը կայուն է։

«Մեկ շաբաթվա կտրվածքով, ասեմ, որ համարյա շաբաթվա բոլոր օրերին կատարվել է շուրջ 2 հազար թեստավորում: Ճիշտ է, թվերի առումով փոքր նվազում տեսնում ենք, բայց դեռևս շատ վաղ է որևէ գնահատականներ տալ, որովհետև դինամիկան գնահատելու համար բավականին ժամանակ է պետք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկողոսյանը:

Անցած մեկ օրում հիվանդությունը խլել է 8 մարդու կյանք, նրանցից ամենաերիտասարդը՝ 59, ամենատարեցը՝ 86 տարեկան էր։ Ըստ Առողջապահության նախարարության, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը Հայաստանում հասավ 477-ի, ևս 157 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Առողջապահության նախարարի խոսնակի գնահատմամբ՝ իրենք կարողանում են լուծել հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց բուժհաստատություններ տեղափոխելու հարցը. - «Կայուն, ստաբիլ պահվում է վիճակը: Որևէ, այսպես ասած, գնահատական չենք կարող տվյալ պահին տալ, բայց այն, որ կայուն է, ստաբիլ է, մարդիկ կարողանում են հոսպիտալացվել, երբ որ դրական դեպքերը հաստատվում են, գիտեք, մենք ամեն օր 9-ի դրությամբ թիվ ենք ունենում, թե քանիսն են իրենց հոսպիտալացմանը սպասում, և մինչև երեկո արդեն նրանց հոսպիտալացումները հիվանդանոցներ նորմալ կազմակերպվում են»:

Պնդումներին, թե վերակենդանացման բաժանմունքներում տեղ չկա, Ալինա Նիկողոսյանն այսպես արձագանքեց. - «Հիվանդանոցները շարունակում են աշխատել բավականին լարված գրաֆիկով, բայց դա չի նշանակում, որ վերակենդանացման [բաժանմունքներում] տեղ չկա: Անհրաժեշտության դեպքում, երբ որ մարդը ունենում է ինտենսիվ թերապիայի կարիք, բնականաբար տեղափոխվում է այնտեղ»:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը համավարակի պատճառով վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար։ Կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց՝ հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսից բուժում է ստանում 180 մարդ։ Պողոսյանի խոսքով՝ բոլորն էլ ունեն թոքաբորբ, մեծ մասը՝ նաև քրոնիկ հիվանդություններ։

«Ցավոք սրտի, ունենք նաև ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր՝ 11 ծանր հիվանդներ ունենք, 9-ը՝ ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնցից 5-ը միացված են արհեստական շնչառության ապարատին», - ասաց կենտրոնի փոխտնօրենը՝ շարունակելով. - «Մեր կենտրոնում ավելի քան 90 տոկոսը վերակենդանացման բաժանմունքից դուրս են եկել՝ բուժվել են, դուրս են եկել, տեղափոխվել են թերապևտիկ բաժանմունքներ, այնուհետև առողջացումով վերադարձել են իրենց ընտանիքներ»:

Մեկուկես ամիս առաջ մահվան դեպքեր այս կենտրոնում չէին արձանագրվել։ Բայց մահը ևս չշրջանցեց այստեղ բուժվող հիվանդներին, ցավով է նշում բժիշկը։ «Հիվանդության ինքնին բարդացումը և ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի ավելացումը բերում է նաև մահվան դեպքեր: Իհարկե, մեր կենտրոնում ևս գրանցվել են մահեր տարբեր տարիքային խմբերում, հիմնականում ծայրահեղ ծանր հիվանդների մոտ», - նշեց փոխտնօրենը:

Կարեն Պողոսյանը, որ ամիսներ շարունակ ժամանակի մեծ մասն անցկացնում է հիվանդանոցում, կոչով դիմում է քաղաքացիներին. - «Նկատում եմ, որ մարդիկ դիմակը կրում են միայն չտուգանվելու համար, որը ցավ է պատճառում ինձ, ինչի՝ որովհետև իմաստը դիմակ կրելու ոչ թե տուգանվել-չտուգանվելն է, այլ՝ չվարակվել և չվարակելը, իսկ դրա համար ոչ թե դիմակը լինում է կզակի տակ, ծնոտի տակ, ոչ թե դիմակը լինում է բազմակի օգտագործված ինչ-որ իր, այլ դիմակը լինում է ճիշտ կրած, փակելով բերանը, քիթը: Եվ կարծում եմ, եթե նույնը ասել եմ ժամանակին, կրկնվեմ՝ եթե հետևեին պարետատան և նախարարության հորդորներին ազգաբնակչությունը՝ և՛ դիմակ չկրելու, և՛ չհավաքվելու, չկուտակվելու առումով, կարծում եմ՝ այսպիսի թվեր չէինք ունենա: Նույնը կրկնում եմ հիմա՝ եթե հետևեն և կրեն ճիշտ, գուցեև մենք ունենանք թվերի անկում, և ազգաբնակչությունը կարող են օգնել մեզ, նախարարությանը, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այս ծանր հիվանդությունը, պանդեմիան»:

Անցած մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է 451 մարդ։ Ընդհանուր առմամբ, մարտի 1-ից սկսած Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է մոտ 16 հազար հիվանդ, վարակվել է 27 հազար 900 մարդ։ COVID-19-ից այս պահին բուժվում է 11 հազար 331 մարդ: