Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ AzTV-ի երկու աշխատակիցներ մահացել են կորոնավիրուսի հետևանքով։ Հուլիսի 2-ի նույն օրը մահացել են հասարակական-քաղաքական և վերլուծական հաղորդումների բաժնի տնօրեն Սամիր Նաջաֆզադեն և կինոհաղորդումների գլխավոր խմբագիր Էթիբար Բաբաևը։
Հուլիսի 1-ի դրությամբ AzTV-ի ևս 5 աշխատակիցներ հիվանդանոցներում ստացիոնար բուժում էին ստանում, նրանից մեկն ապաքինվել է։
Վիրուսի տարածումը զսպելու նպատակով շենքը ախտահանվում է, աշխատակիցների մեծ մասը տնից է աշխատում։
«Թուրան» գործակալությունը նաև հաղորդում է, որ ադրբեջանական մասնավոր CBC հեռուստաընկերության 8 աշխատակիցներ ևս վարակվել են կորոնավիրուսով։ Դա պարզվել է թեստեր հանձնելուց հետո։
Իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է մամուլի երկու տասնյակ աշխատակից:
Հուլիսի 5-ին Ադրբեջանում լրանում է կարանտինային խիստ սահմանափակումների ժամկետը, բայց հաշվի առնելով առկա իրավիճակը՝ կառավարությանը կից օպերատիվ շտաբը կարանտինը երկարաձգեց մինչև հուլիսի 20-ը, նաև ընդլայնեց սահմանափակումների տակ ընկող շրջանները՝ մինչ այժմ կարանտինային ռեժիմի տակ էին Բաքուն ու ևս 7 քաղաքներ ու շրջաններ, հիմա դրանց գումարվեց ևս 8 շրջան։
Կարանտինի մեջ գտնվող բոլոր քաղաքներում և շրջաններում վաղվանից սկսած յուրաքանչյուր շաբաթվա վերջին երկու օրերին դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Հուլիսի 4-ից մինչև 20-ը փակվելու է Բաքվի մետրոն։ Ամբողջ երկրի տարածքում փողոցներում, այգիներում, հանրային բոլոր վայրերում արգելվում են 5 մարդուց ավելի հավաքները։
Նախօրեին Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 570 նոր դեպք է հաստատվել, 8 մարդ մահացել է։ COVID-19-ի բռնկումից ի վեր Ադրբեջանում արձանագրված դեպքերի ընդհանուր թիվն անցել է 18,5 հազարը, 228 մարդ մահացել է։
Սահմանակից Վրաստանի ադրբեջանաբանակ Մառնեուլիի շրջանում մի պատմություն է տեղի ունեցել, որի հայաստանյան տարբերակը ևս շրջանառվում է կասկածամիտների, դավադրություններ փնտրողների կամ կեղծ լուրեր տարածողների մոտ։ Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հունիսի 20-ին և 25-ին հեռարձակած նյութերում Մառնեուլիի շրջանի ադրբեջանցիներն ասել են, թե իշխանությունները, բուժհաստատությունները իրենց գումար են առաջարկում, որպեսզի վախճանված հարազատների մահվան պատճառը նշեն կորոնավիրուսը։
Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն էր սկսել ու ավելի վաղ հայտարարել էր, թե հեռուստաընկերությունը միտումնավոր սխալ է թարգմանել ադրբեջաներեն հարցազրույցները, որպեսզի բնակչության մոտ դժգոհություն, բողոքներ առաջացնի։
Գործը քննվում է սաբոտաժի կասկածանքով, ու Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այսօր ավելի է խտացրել գույները՝ հայտարարելով, որ ապատեղեկատվական այդ արշավի կազմակերպիչները պլանավորել են բնակչության մեջ անպաշտպանության զգացողություն, պետության հանդեպ անվստահություն, խուճապ ու քաոս սերմանել։
Թբիլիսիի դատարանը երեկ որոշել է դիմել հեռուստաընկերությանը՝ հեռարձակված նյութերի ամբողջական, չմոնտաժված տարբերակը ստանալու համար։ Անվտանգության ծառայությունը գտնում է, որ նյութերի չմոնտաժված տարբերակն անհրաժեշտ է գործի լիարժեք և օբյեկտիվ քննության համար։
«Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան Ազգային անվտանգության ծառայությանը մեղադրել է ընդդիմադիր հեռուստաընկերությանը վարկաբեկելու մեջ։
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան ևս քննադատել է նախաքննական մարմնին՝ հայտարարելով, թե Ազգային անվտանգության ծառայության գործողությունները և դատարանի կայացրած որոշումը սպառնում են մամուլի ազատությանը: