Պաշտոնական Պեկինը պնդում է, որ Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի բնակչությանը բրիտանական անձնագրեր տրամադրելու Լոնդոնի նախաձեռնությունից բխող բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը կրելու են Միացյալ Թագավորության իշխանությունները։ Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժաո Լիանը՝ չհստակեցնելով, սակայն, թե որոնք են լինելու Պեկինի հակաքայլերը։
«Մենք մեկ անգամ ևս պնդում ենք, որ Հոնկոնգում տեղի ունեցողը Չինաստանի ներքին գործն է։ Որևէ օտար պետություն մեր ներքին գործերին միջամտելու իրավունք չունի։ Չինաստանի կառավարությունը հաստատակամ է ազգային ինքնիշխանության և անվտանգության ապահովման հարցում», - հայտարարում էր Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Չինաստանի խորհրդարանի կողմից Հոնկոնգի անվտանգության վերաբերյալ վիճահարույց օրինագծի ընդունմանը ի պատասխան՝ Լոնդոնը կարող է վարչական շրջանի ավելի քան 3 միլիոն բնակիչներին բրիտանական քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն տալ։
Մինչև 1997 թվականը Հոնկոնգը գտնվում էր Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո։ Այն Պեկինին փոխանցվեց 80-ականների կեսերին կնքված երկկողմ պայմանագրի համաձայն, որը կանոնակարգում էր Հոնկոնգի հատուկ կարգավիճակը։ Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ անվտանգության մասին օրերս ընդունված չինական օրենքը ոտնահարում է չին-բրիտանական պայմանագրի մի շարք դրույթներ։