Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 10.7 միլիոնին, մահացածների թիվն անցել է 516 հազարը, բուժվել է մոտ 5,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը շարունակում է ակտիվորեն տարածվել ամբողջ աշխարհում, և պետությունները պետք է համապարփակ մոտեցում ցուցաբերեն՝ համաճարակը հսկողության տակ առնելու համար:
ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհի երկրների իշխանություններին «գտնել, մեկուսացնել, ստուգել և հետևել յուրաքանչյուր դեպքի, մեկուսացնել յուրաքանչյուր կոնտակտավորի, ինչպես նաև վերապատրաստել բուժաշխատողներին, կրթել բնակչությանը և ընդլայնել կորոնավիրուսից նրանց պաշտպանունակությունը»:
Վարակվածների թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Բրազիլիան և Ռուսաստանը:
Շվեդիայում հանձնաժողով է ստեղծվել, որը գնահատելու է, թե արդյոք իշխանությունների արձագանքը համաճարակին համարժեք է եղել:
Ուկրաինան տուգանքներ է սահմանում դիմակ չկրելու համար:
Ղազախստանը մտադիր է երկու շաբաթով վերադառնալ սահմանափակման խիստ միջոցների: