Ալեն Սիմոնյան. Օրենքով նախատեսված է՝ նախագահը կարող է ուղարկել ՍԴ, բայց նման տեղեկություն չունեմ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

«Ազատությունը» նախագահի այս որոշման իրավական հետևանքների շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Ազատություն». - Նախագահը, ինչպես գիտենք, հրաժարվեց ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված օրենքները: Ինչպե՞ս եք արձագանքում իբրև ԱԺ փոխխոսնակ և «Իմ քայլը» խմբակցության ու իշխող կուսակցության անդամ:

Ալեն Սիմոնյան.- Գործընթացը նախատեսված է օրենքով, այսինքն` նախագահն ունի լիազորություն ստորագրելու, չստորագրելու: Այն պարագայում, երբ որ չի ստորագրում նախագահը, որևէ ժամանակ անց օրենքը ստորագրվում է Ազգային ժողովի նախագահի կողմից և մտնում է ուժի մեջ: Օրենքով նախատեսված է, որ նախագահը օրենքը կարող է ստորագրել, ինչպես նաև կարող է չստորագրել, այդ պարագայում որոշակի ժամանակ անց օրենքը ստորագրվում է Ազգային ժողովի նախագահի կողմից: Օրենսդրական երկու փաթեթ է ուղարկվել, եթե չեմ սխալվում, որից մեկը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է, ինչի մասին տեղեկանում ենք նաև կայքից, իսկ մյուսի հետ կապված Դուք արդեն մեկնաբանությունը տվեցիք:

«Ազատություն». - Իսկ դա ի՞նչ է նշանակում: Նախագահը կարո՞ղ է ուղարկել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ:

Ալեն Սիմոնյան. - Օրենքով նախատեսված է, որ ինքը կարող է ուղարկել Սահմանադրական դատարան, բայց նման բան ես չտեսա, ես նման տեղեկություն այս պահին չունեմ ու չեմ էլ ենթադրում, որովհետև այդ պահի դրությամբ որքանով որ ես հասկանում եմ, Սահմանադրական դատարանը նույնիսկ չի կարող նիստ հրավիրել անբավարար կազմի պատճառով: Ուստի, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ պարոն Սարգսյանը ուղղակի որոշում է կայացրել 3 տարբերակներից ընտրել չստորագրելու տարբերակը, որի քաղաքական գնահատականը, որի քաղաքական հետևանքի մասին և քաղաքական արձագանքի մասին, կարծում եմ, մենք դեռ կզրուցենք, բայց այս փուլում ես զերծ կմնամ, որովհետև լուրը նոր է, մինչև տեսնենք, հասկանանք, թե ինչ է կատարվում, նաև իրավական ինչ հստակ հետևանքներ կարող են լինել:

«Ազատություն». - Պարո՛ն Սիմոնյան, իսկ Դուք որևէ քննարկում այսօր չե՞ք ունենալու կուսակցությունում:

Ալեն Սիմոնյան. - Գիտեք` մենք ամեն գրեթե ամեն օր քննարկումներ ենք ունենում: Ենթադրում եմ, որ այս հարցի շուրջ ևս կքննարկենք: