«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: 63-ամյա Ծառուկյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է հին տեսանյութերից մեկը, որում բացատրում է իր դիմակ չկրելը, թե կորոնավիրուսը լավ մարդկանց չի դիպչում և գրել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին»:
ԲՀԿ ղեկավարի խոսնակ, համանուն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ազատությանը» հայտնեց, որ իր տեղեկություններով` Ծառուկյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Նրա հավաստմամբ` Ծառուկյանը տանն է և իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով։ Ընդ որում, վարակակիրներ կան ինչպես իշխող «Իմ քայլում», այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանում»։