Իշխան Սաղաթելյան. Ընտրությունների այդ 3-4 տոկոսն անընդհատ մեր աչքը մտցնել պետք չի

ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց, որ հասարակության հետ աշխատելու իրենց կուսակցական մեթոդները պետք է փոխվեն: Նշեց` իրենք հանրության բավականաչափ քվեներին չեն արժանացել, քանի որ պոպուլիզմով չեն զբաղվել, նաև բացթողումներ են ունեցել:

Ներկայացնում ենք հատվածներ հաղորդումից.

Արտահերթ ընտրությունների պահանջ է դրվում

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել և քննարկել էին երկրի ներքաղաքական իրավիճակը: Այսօր «Ազատության» տաղավարում Սաղաթելյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

«Երեք կուսակցություններով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է ստեղծի ճանապարահային քարտեզ: Ստեղծված իրավիճակից հիմնական ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները», - ասաց նա:

«Երկիրը տանում եք քաղաքացիական պատերազմի», - պնդել էր օգտատերերից մեկը: Հարցին՝ այդպիսի վտանգ տեսնո՞ւմ է այսօր, երբ մի քանի կուսակցություններով որոշել են մեկ ճակատով հանդես գալ, Սաղաթելյանը պատասխանեց. - «Մեր երկրի ներքին կայունությունը մեր համար ամենակարևոր ասպեկտներից մեկն է, և մենք երբեք չենք անի որևէ բան, որ մեր երկիրը կտանի քաղաքացիական պատերազմի, քաոսի կամ նման իրավիճակի: Բայց գործող իշխանությունը սա ևս պետք է նկատի ունենա, այսինքն՝ գործող իշխանությունը շարունակ պետք է չվախեցնի իր ընդդիմախոսներին»:

«Մեր երկրի կայունությունը մեր համար խիստ կարևոր է, և մենք՝ իբրև Դաշնակցություն, չենք անելու ինչ-որ բան, որը կվնասի մեր երկրի կայունությանը և կբերի քաղաքացիական բախման», - վստահեցրեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ հավելելով. - «Սա չի նշանակում, որ մենք զերծ ենք լինելու փողոցային պայքարից, զերծ ենք մնալու վճռական քայլերից»:

2018-ի արտահերթ ընտրություններին ՀՅԴ-ն անցողիկ անհրաժեշտ շեմը չէր հաղթահարել, հարցին` կարծում է, որ այս անգամ կհաջողե՞ն, նա պատասխանեց. - «Այստեղ մեր հաջողելու կամ չհաջողելու հարցը չի, նոր որակի իշխանություն է անհրաժեշտ, իսկ դա կարող է ձևավորել միայն ժողովուրդը նոր ընտրությունների միջոցով: Այս 2 տարվա ընթացքում հասարակական ընկալումները փոխվել են»:

Նա վստահեցրեց` հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն ծանրակշիռ ներկայություն է ունենալու:

Դիտարկմանը, որ իրավապահ համակարգը բազմաթիվ կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել, նախկին պաշտոնյաներից ոմանք էլ պետությանը պատճառված վնասն են փոխհատուցել, ՀՅԴ-ն, սակայն, հաճախ հայտարարում է, որ քաղաքական հետապնդումներ են երկրում, Սաղաթելյանը հակադարձեց. - «Մենք արձագանքում ենք, երբ արդարադատությունը լինում է ընտրովի: Եթե գործող իշխանությունը դա օգտագործի իբրև լծակ, դրանով ճնշի ընդդիմադիրներին, դա անընդունելի է, 2 տարի է` իշխանությունը մի հիմնական թեզ ունի` թալանել են, թալանել են, 2 տարի հնարավորություն ունեիք, ի՞նչ եք վերադարձրել»:

«Երբեք չենք նույնականանում այլ ուժերի հետ»

Օգտատերերից մեկի հարցադրմանը, թե ՀՅ Դաշնակցության գաղափարախոսությունն ու տեսլականը նման է նախկինների հետ փոխկապակցված կուսակցությունների տեսլականին, իսկ իշխանություններին քարկոծելն էլ միշտ հեշտ է, չի՞ կարծում, որ պետք է առանձին որպես կուռ կուսակցություն հանդես գան, Իշխան Սաղաթելյանն ասաց. - «Դաշնակցությունն ունի իր սեփական տեսլականը, երբեք չենք կարող նույնականացվել մեկ այլ ուժի հետ, մենք տարբեր օրակարգերի շուրջ տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցել ենք, բայց մշտապես պահել ենք մեր ինքնուրույնությունը, չենք հրաժարվել մեր արժեքներից, սկզբունքներից ցանկացած պայմաններում»:

Խոստանում է` ՀՅԴ-ն Սահմանադրությունը չի փոխի իշխանության գալու դեպքում

Հարցին, թե այն, որ ՍԴ փոփոխությունները նախագահ Արմեն Սարգսյանը հապճեպ ստորագրեց, արդյո՞ք «մեսիջ էր նախագահին հանրությանը հնարավոր ստիպող ուժերին ցույց տալու փորձ», ՀՅԴ անդամն ասաց, որ փաստեր չունի պնդելու նման բան, սակայն հավելեց. - «Նախագահը` իբրև պետության գլուխ, պետք է տեղիք չտար այսօրվա քաղաքական մեծամասնության ոտնձգություններին և փոփոխություններին և իր խոսքը հստակ ասեր այն քայլերին, ինչ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի հետ կապված»:

Միաժամանակ նա խոստացավ` եթե իրենք գան իշխանության, սահմանադրական փոփոխությունների չեն գնա:

Իսկ հարցին, թե մի քանի փորձ ունեցել է ՀՅԴ-ն լինել իշխանություն, բայց ընտրողների բավականաչափ քվեն չի ստացել, ո՞րն է պատճառը, հնչեց այս պատասխանը. - «Մենք չենք զբաղվել ամբոխավարությամբ, չենք արել ամեն ինչ, որ ամեն ինչի գնով արժանանանք մեր քաղաքացիների քվեին, մենք պոպուլիզմով չենք զբաղվել, ներկայացրել ենք մեր տեսլականը, նաև ցավոք, ունեցել ենք բացղթողումներ, բավականաչափ չենք ներկայացրել հասարակությանը, ինչ մենք ունենք ու ինչ կարող ենք: Այս առումով կարծում եմ` ապագայում ինչ-որ փոփոխություններ անելու ենք»:

«Այդ 3-4 տոկոսն անընդհատ մեր աչքը մտցնել պետք չի»

Մեկ այլ օգտատեր հարց էր ուղղել, թե անհարմար չի՞ զգում ընտրություններում 3-4 տոկոս հավաքող ՀՅԴ-ն` 130-ամյա կուսակցության վարկանիշն այս մակարդակի հասցնելու համար: «Այդ 3-4 տոկոսն անընդհատ մեր աչքը մտցնել պետք չի, ընտրությունների արդյունքները անցողիկ են, վերջին 30 տարվա մեջ Հայաստանում շատ են եղել քաղաքական գործիչներ, որոնք հավաքել են 30-40 տոկոս ձայներ, բայց այսօր չկան քաղաքական դաշտում, անընդհատ պետք չի այդ 3-4 տոկոսը մեր աչքը մտցնել», - ասաց քաղաքական գործիչը:

Իսկ ինչ վերաբերում է օգտատերերից մյուսի հարցադրմանը, թե 2018-ին չդիմացան ՀՀԿ-ին միանալու գայթակղությանը` փորձելով «հետևից խփել» ժողովրդին, և միգուցե բավակա՞ն է դեմ գնալ ժողովրդին` հաշվի առնելով նաև, որ ըստ օգտատիրոջ կարծիքի` ՀՅԴ-ն խորհրդարան է անցել միշտ ՀՀԿ-ի միջոցով, Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ընդգծեց. - «18 թվականին Դաշնակցությունը միացել է ժողովրդական շարժման պահանջների իրականացմանը, կանգնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ժողովրդի կողքին, մենք այդ պահանջներից հետ չենք կանգնել, հետ է կանգնել գործող իշխանությունը: Իսկ ՀՀԿ-ի կցորդ և այլն, սա անթույլատրելի է»: Նա նաև նկատեց` «Իմ քայլում» կան պատգամավորներ, ովքեր ժամանակին ՀՀԿ անդամ են եղել, հիմա իշխանության մասն են կազմում:

Իշխան Սաղաթելյանի խոսքով` իրենք չունեն օրակարգ` քննարկելու նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու հարցը:

«Բազմաթիվ անգամ ձեռք ենք մեկնել և իշխանության կողմից քայլեր չենք տեսել»

Դաշնակցությունը սկզբից համագործակցեց Փաշինյանի հետ, հետո դուրս եկավ կոալիցիայից, «ո՞րն է հիմնական խոչընդոտը, որ չի ստացվում այս Կառավարության հետ համագործակցել, իսկ նախկինների հետ ստացվում էր», - այս հարցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. - «Էնպես չի, որ նախկինների հետ էլ էդքան հեշտ, հանգիստ, լավ ստացվել է, էդ որ մեզ անընդհատ ասում են՝ կոալիցիա, իշխանություն, իշխանություն, Սերժ Սարգսյանի ղեկավարման տասը տարիների ընթացքում մենք երեք տարի ենք կոալիցիայի մաս եղել, կամ երկու տարի վեց թե ութ ամիս, որովհետև մեր հետ դժվար է եղել աշխատել, որովհետև մենք ունենք սկզբունքները, ու էդ սկզբունքները, ի տարբերություն շատերի, տարվա եղանակների հետ չենք փոխում»:

«Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ մենք մեր երկրում թշնամիներ չունենք, եթե կա խոսելու օրակարգ, մենք խոսել ենք: Ոչ էլ ունենք էդ կոմպլեքսները, որ եթե ընդդիմադիր ուժ ես, հանդիպում ես իշխանության հետ, ուրեմն՝ անպայման ինչ-որ բան էն չի, էդտեղ կա մի առևտուր կամ չգիտեմ, ոչ», - ընդգծեց Սաղաթելյանը:

«Մենք կարող ենք հանդիպել նաև իշխանության հետ, գործող վարչապետի հետ, խոսել այն հարցերի մասին, որոնց մասին խոսում ենք հրապարակային: Էդ իմաստով՝ էդ հանդիպումների մեջ թող ոչինչ չփնտրեն: Չի ստացվել, որովհետև մենք բազմաթիվ անգամ ձեռք ենք մեկնել և իշխանության կողմից քայլեր չենք տեսել: Ու ասեմ, որ էդ ժամանակը արդեն այլևս անցել է, ու համբերության բաժակը՝ լցրել, վերջին փաթեթը, կորոնավիրուսի պայմաններում որ ներկայացրեցին», - ասաց դաշնակցական գործիչը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.