Ըստ Կրեմլի, ռուսաստանցիները մեծ ակտիվությամբ են մասնակցում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:
«Այդ մասին են վկայում առաջին հաղորդագրությունները, սակայն եկեք ոչ մի եզրակացություն դեռ չանենք, գործընթացը նոր է սկսվում», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հետաձգվել է:
Հանրաքվեն ի պաշտոնե նշանակված է հուլիսի 1-ին, բայց քաղաքացիներին տրվել է ժամկետից շուտ քվեարկելու հնարավորություն, քանի որ դա, ըստ իշխանության, թույլ կտա խուսափել համավարակի պայմաններում վտանգավոր կուտակումներից:
Քաղաքացիները կարող են քվեարկել փոստով և առցանց, կամ ընտրատեղամասերում՝ ըստ բնակության վայրի:
Փոփոխություններն, ըստ էության, արդեն ուժի մեջ են մտել, բայց նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է ստանալ ժողովրդի աջակցությունը:
Այդ փոփոխություններով Պուտինը ստանում է ապագայում էլ նախագահության թեկնածու առաջադրվելու իրավունք: