Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ իրականացրել է Ընտրական օրենսգրքով իրեն տրված գործառույթները, հայտարարում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրերս արված հարցադրմանը, թե «ինչու են իշխանությունները հներից խոսում» այն դեպքում, երբ ԿԸՀ նախագահը շարունակում է մնալ նույն անձը, ով պաշտոնավարել է նաև նախկին իշխանությունների ժամանակ:
«Չի կարելի անընդհատ հիների հետ կապել, հիների հետ...նայելով Մուկուչյանն ասենք թե ով ա եղել, մինչև հիմա խի՞ կա, հարց եմ տալիս ձեզ բոլորիդ, որ առաջին ամենակեղծարարը ասում էին ընտրությունների համար», - ասել էր Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքներին, Մուկուչյանն ասում է՝ բոլոր ահազանգերն ուղարկվել են համապատասխան մարմիններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է այն արդյունքները, որ ստացել է տեղամասերից, որևէ դեպք չի եղել, որ տեղամասից մի թիվ ստանան, այլ թիվ գրանցեն։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ այն լիազորությունները, որն ունի, դրանք լիարժեք ծավալով կյանքի է կոչել և իր ամբողջ գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվել է օրենքով ամրագրված այդ պահանջների պահպանմամբ և կատարմամբ: Եվ եթե կլիներ թեկուզ մեկ դեպք, որ տրվել է կամ կազմվել է արձանագրություն, այդ արձանագրությունը բերվել է ԿԸՀ, և ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ այնտեղ փոխել է այդ թվային ցուցանիշները, որոնք տարբերվում եմ տեղամասերում կազմված արձանագրությունից, դա բոլորովին այլ խնդիր է: Բայց որքան ես համենայն դեպս Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եմ, չեմ հիշում նման դեպք, որ տեղամասում կազմված արձանագրության տվյալների և ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների փոփոխման հետ կապված որևէ դիտարկում ներկայացված լինի», - ասաց Տիգրան Մուկուչյանը:
Իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հերթին հայտարարում է՝ պարոն Ծառուկյանը չէ, որ պետք է որոշի, թե ով որտեղ պետք է լինի. - «Ես չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանը պետք է որոշի, թե պարոն Մուկուչյանը կամ որևիցե մեկը, ով որտեղ պետք է լինի, եթե ինքը որոշելու ցանկություն ունի, օրինակ` թող հետաքրքրվի` ի՞նչ գործ ունեն իր խմբակցության առնվազն մեկ պատգամավոր Ազգային ժողովում, մի քանի անուններ էլ իջեցնում եմ, չեմ ասում: Թող ինքը դրանով զբաղվի, իսկ ինչ վերաբերում է պարոն Մուկուչյանին, որևիցե մեկին, իրավունքը, օրենքը դրա գնահատականը կտա, եթե կա որևիցե բան, գնահատականը կլինի միանշանակ: Թող որևիցե մեկը չկասկածի, ու կարծում եմ` այս 2 տարվա ընթացքում անընդհատ մեր ընդդիմախոսները հնչեցրել են տարբեր անուններր: Օրինակ` Էդմոն Մարուքյանը խոսում էր Գագիկ Խաչատրյանի մասին չէ՞: Հաճախ էր ասում, ասում էր` բա ինչի՞ չկա, ինչի՞ չկա: Ժամանակն անցավ, եղան փաստեր, և հետո եղավ, դա ամենավառ օրինակն է, որ բերում եմ: Ուստի ես խնդրում եմ` շահարկումներով, աճպարարությունով չզբաղվեն, որովհետև դրա պատասխանը շատ բիրտ է լինելու այսուհետ»:
«Ազատության» դիտարկմանը, որ ԿԸՀ նախագահը քննադատվել է բազմաթիվ տարիներ, ըստ տարբեր կարծիքների` «ընտրական նկարչություն» անելու համար, արդյո՞ք այս ամեն ինչը մոռացվում է, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Դուք հասկանում եք, որ Դուք ինձանից մեղադրական կամ արդարադացման եզրակացություն եք ուզում, որը ես անելու ուղղակի իրավունք չունեմ: Ես կարող եմ իմ կարծիքն ասել, ես կարող եմ իմ վստահության մասին խոսել, բայց միևնույն ժամանակ ես իրավունք չունեմ մարդկանց, որևիցե մեկին, նույն Գագիկ Ծառուկյանին մեղադրեմ մի բանի մեջ, որը ես չեմ կարող ապացուցել:
Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների տվյալներին, ես կարծում եմ` բացի ընտրական հանձնաժողովից, որը գրանցում է այն տվյալները, որոնք ստացվում են վստահված անձանց կողմից ընտրատեղամասերից, նաև ընդդիմությունը իր բացթողումն է ունեցել և չի ունեցել իր վստահված անձերը բոլոր ընտրատեղամասերում: Սրա մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք մշտապես, հիշում եք, ընդդիմություն-իշխանություն ընտրության ժամանակ խոսել ենք հետևյալի մասին, ասել ենք` իշխանությունը չի հաղթել, և երբևիցե որևէ այլընտրանքային թիվ, քան ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված որևէ ընդդիմություն չի կարողացել հրապարակել: Այ սա է եղել նաև այդ ընտրական պրոցեսի, կարելի է ասել, ամենամեծ խնդիրը: Իսկ թե ով է այդ պահին ինչ պաշտոն զբաղեցրել, դա արդեն քննարկելու հարց է»: