Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը

Վրաստանի խորհրդարանը նախօրեին քվեների 115 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ հաստատեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի առանցքային դրույթը վերաբերում է այն ընտրակարգին, որի հիման վրա պետք է կազմակերպվեն հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները։

Նորացված Սահմանադրության համաձայն, հաջորդ գումարման խորհրդարանը ձևավորվելու է հիմնականում համամասնական ընտրակարգով։ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի համոզմամբ՝ այս որոշումը անփուսափելի երկարաժամկետ էֆեկտ է ունենալու երկրի ողջ քաղաքական դաշտի համար։

«Ընտրական համակարգի բարեփոխումը մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ կլինի։ Ես շնորհավորում եմ խորհրդարանի անդամներին այս որոշման առթիվ և հարկ եմ համարում մեկ անգամ ևս ընդգծել՝ համամասնական ընտրակարգը երկրում լուրջ տեղաշարժ ապահովելու, քաղաքական մշակույթի աստիճանական փոփոխության հասնելու միակ ձևն է», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Պատգամավորների հավանությանն արժանացած սահմանադրական բարեփոխումների փաթեթի համաձայն, Վրաստանի օրենսդիր մարմնի 150 անդամներից 120-ն այսուհետ ընտրվելու են կուսակցական ցուցակներով, ևս 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով։

Բացի այդ նվազեցվում է կուսակցությունների համար խորհրդարանում ներկայացված լինելու անցողիկ շեմը։ Հոկտեմբերին կայանալիք ընտրություններում քաղաքական ուժերը Վրաստանի խորհրդարանում սեփական խմբակցությունը ձևավորելու համար պետք է քվեների ընդամենը մեկ տոկոսը ստանան։ Նախկինում խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է առնվազն հինգ տոկոս ձայն ստանային։

Փոքր կուսակցությունների դերակատարության նման աճի ֆոնին բարեփոխումները զգալիորեն սահմանափակում են առաջատար քաղաքական ուժերի դերը։ Այսուհետ որևէ քաղաքական ուժ իրավունք չի ունենա միանձնյա կառավարություն ձևավորել, եթե չի ստացել ընտրողների քվեների առնվազն 40 տոկոսը։

Նման արմատական բարեփոխումների անցկացումը հնարավոր դարձավ մարտի սկզբին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Ներքաղաքական համաձայնագիրն, ի դեպ, կնքվեց Թբիլիսիում հավատարմագրված եվրոպացի և ամերիկացի դիվանագետների ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ։ Վերջին ամիսներին, սակայն, ընդդիմության և իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնագիրը մի քանի անգամ տապալման եզրին էր։ Պատճառը մարտին ձեռք բերված պայմանավորվածությունների մեկ այլ հատվածն էր, որի համաձայն, Վրաստանի իշխանությունները պարտավորվում էին ազատ արձակել կալանքի տակ գտնվող մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային։ Ընդդիմադիրների մեծ մասը ազատության մեջ հայտնվեց մայիսի կեսերին՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներման շնորհիվ։ Այժմ գլխավոր կռվախնձորը անազատության մեջ գտնվող վերջին ընդդիմադիրն է՝ «Մտավարի արխի» ալիքի փայատեր Գեորգի Ռուռուան։

Վրացական դատախազությունը նրան մեղադրում է անօրինական զենք կրելու համար, իսկ իշխանությունները կտրականապես հրաժարվում են ազատ արձակել ընդդիմադիր գործարարին՝ պնդելով, թե նա սերտ կապեր ունի քրեական աշխարհի հետ։

Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր Ռուռուայի գործով դատավարությունը շարունակվում էր։ Դատական նիստի ամենասկզբում ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար։

«Ես պատրաստ եմ ապացուցել դա դատարանում», - ասել է ընդդիմադիր գործիչը։

Հենց Ռուռուայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով էր, որ Վրաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային միացյալ շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» հրաժարվեցին մասնակցել սահմանադրական փոփոխությունների երկրորդ ընթերցման քվեարկությանը։

Մարտյան համաձայնության գլխավոր կնքահայրը՝ Թբիլիսիում ԵՄ դեսպան Կարլ Հերցելը, սակայն, հույս ունի, որ առաջիկա օրերին Վրաստանի քաղաքական դաշտի առաջատարներին կհաջողվի շտկել ստեղծված կացությունը։

«Հուսով եմ, որ հնարավոր կլինի վերագտնել մարտի 8-ի համաձայնագրի ոգին, և հունիսի 29-ին, երբ Սահմանադրության փոփոխությունները կդրվեն երրորդ ընթերցման, դրանց օգտին արդեն 142 պատգամավոր կքվեարկի», - Twitter-ում գրել է եվրոպացի դիվանագետը։