Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 260 հազարը, համաճարակի զոհերինը՝ 477 հազարը, բուժվել է շուրջ 4 միլիոն 630 հազար մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Միացյալ Նահանգներում օրվա կտրվածքով նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվում Տեքսասում, Արիզոնայում և Նևադայում: Երեկ հենց Արիզոնայում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներ անցկացնում: Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է, և իշխանություններն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ կանխելու համար COVID-19-ի նոր բռնկումը:
Բրազիլիան շարունակում է մնալ աշխարհում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն` երկրում արդեն գրանցվել է վարակի ավելի քան 1,1 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 52 հազար մարդ: Աշխարհում վարակվածների թվով երկրորդ տեղում գտնվող Բրազիլիայում դատարանը նախագահին պարտավորեցրել է դիմակ կրել հանրային վայրերում:
Իսրայելում վարակակիրների թիվն աճում է: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում վարակի 459 նոր դեպք է արձանագրվել, որոշ շրջաններում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում:
Լոկալ կարանտինային վայրեր կան Գերմանիայում՝ մսամթերքի գործարանում բռնկման պատճառով, որտեղ ավելի քան 1300 աշխատող է հիվանդացել:
Ուկրաինայում նույնպես վարակվածների թիվն աճում է՝ մեկ օրում գրանցվել է 833 նոր դեպք:
Սաուդյան Արաբիան համաճարակի հետ կապված մինչև տարեվերջ չեղյալ է հայտարարել օտարերկրացիների համար ուխտագնացությունները:
Հյուսիսային Եվրոպայի երկրները բացում են սահմանները, բայց սահմանափակում Շվեդիայի քաղաքացիների մուտքը:
Եվրամիությունը, որը նախատեսում է հուլիսի 1-ից բացել արտաքին սահմանները, դեռևս, ոչ պաշտոնական տվյալներով, չի ընդունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի քաղաքացիներին:
Ռուսաստանում պաշտոնապես հայտնաբերված COVID-19-ի նոր դեպքերը և մահվան դեպքերը կայուն նվազում են: Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին ամիսների ընթացքում չորրորդ անգամ հեռուստաուղերձով դիմել է ռուսաստանցիներին և հորդորել կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնք նրան մինչև 2036 թվականը երկիրը ղեկավարելու հնարավորություն են տալիս: Պուտինը 10-հազարական ռուբլի է խոստացել մինչև 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար, ինչպես նաև խոստացել է «հարկեր հարուստների համար». ստացված գումարները, ըստ նրա, կուղղվեն երեխաների բուժմանը: Ռուսաստանի նախագահը խոստացել է նվազեցնել հարկերը ՏՏ ընկերությունների համար ու հավելյալ վճարումներ կատարել COVID-19-ով հիվանդների հետ աշխատող բժիշկներին նաև հուլիս և օգոստոս ամիսներին: