Կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով առաջիկա օրերին Հայաստան կժամանի ֆրանսիացի բժիշկների ևս մեկ խումբ: Այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայից ժամանած 10-հոգանոց բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:
«Այս անգամ այս առաքելության շրջանակներում ներգրավված կլինեն հայկական սփյուռքից մասնակիցներ, որոնք շատ ուրախ են Հայաստան ժամանելու և օգնելու համար», - հայտարարեց Մինյոնը:
Ֆրանսիացի բժիշկն ասաց՝ այս հիվանդությունից ազատվելու համար հիմնական գործիքը հակահամաճարակային կանոնները պահպանելն է՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, ձեռքերը հաճախ լվանալն ու ախտահանելը:
Ի դեպ, երեկ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ բժիշկը խոսեց նաև «Դեքսամետազոն» դեղամիջոցի մասին, ասաց՝ այն օգնում է հիվանդության բուժման գործընթացին, սակայն հիվանդությունը երկարատև է, և այնպես չէ, որ այս դեղամիջոցն անմիջապես օգնելու է և ազատելու է վիրուսից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ Հայաստանում առաջին իսկ օրվանից կիրառվում է «Դեքսամետազոն»-ը, սակայն միայն բժշկի նշանակման և ցուցման պայմանով:
Ֆրանսիացի բժիշկներն աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղում:
Հայաստանին աջակցելու նպատակով ավելի վաղ Լիտվայից ևս բուժաշխատողների և փորձագետների խումբ է ժամանել: Նրանց աշխատանքը տևելու է 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ:
Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով էլ կիրակի օրը Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների 5-հոգանոց առաջին խումբը: Չվերթով Հայաստան են տեղափոխվել Առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Ռուսաստանից բժիշկների դեռ այլ խմբեր ևս ժամանելու են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Չինաստանից գնվել են 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին:
Չինաստանից մատակարարվել են նաև երեք մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են մի քանի բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները:
Բոլոր գնումները, վարչապետի տեղեկացմամբ, իրականացվել են պետական բյուջեի միջոցներով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս ձեռքբերումներին, նշեց. - «Երեկ երեկոյանից մենք փաստացի տանը սպասող քաղաքացի, որպես այդպիսին, չունենք: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն, և նրանք կարիք ունեն հոսպիտալիզացիայի՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, նրանք հրատապ հոսպիտալացվում են, և այս առումով, մենք կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»: