«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն», - այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է», - ընդգծում է պետության ղեկավարը:
«Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը», - շեշտում է վարչապետը:
Հիշեցնենք, երեկ առավոտյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի շուրջ 20,5 հազար դեպք, հիվանդությունից մահացել է 360 մարդ, ապաքինվել՝ 9,1 հազարը, բուժվում է մոտ 11 հազար մարդ: