Ռոբերտ Քոչարյանը ժամանակ է ձգում, ինչ-որ բանի է սպասում․ Անդրանիկ Քոչարյան

«Ազատությունն» այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների, կառավարության հրաժարականի պահանջների, ինչպես նաև Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակվելու թեմաներով:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Գագիկ Ծառուկյանն իր ելույթում մի քանի անգամ ասաց, որ այսպես դուք իրեն հերոս եք դարձնում և փաստորեն որոշակի կոնսոլիդացիա Ծառուկյանի դեմ տեսնում ենք այս քրեական գործով՝ Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», Արթուր Վանեցյան և այլն, որոնք, նաև այս առիթն օգտագործելով, ասում են՝ իշխանությունները պետք է հեռանան: Այսպիսի բևեռի ձևավորումը չի՞ վկայում, որ իր աշխատանքով գուցե իշխանությունը տվել է դրա առիթը, որ երկու տարի անց հրաժարականի կոչեր են հնչում:

Անդրանիկ Քոչարյան. - Վերջին ազգանունը շատ հետաքրքիր էր, Արթուր Վանեցյան, Ազգային անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որը չունի քաղաքական հետագիծ: Շատ զարմանալի էր, որ Ազգային անվտանգության ծառայության պետը, դեռ քաղաքական քայլեր չարած, իր շուրջն է համախմբումը տեղի ունենում և շատ զարմանալի է, որ 100-ամյա կուսակցությունները և մնացած քաղաքական կուսակցությունները չգիտես ինչի շատ մեծ սիրով են Ազգային անվտանգության ծառայության բոլոր ժամանակների պետերի նկատմամբ, իսկ Արթուր Վանեցյանի նկատմամբ յուրահատուկ սիրով են համախմբվել:

Արթուր Վանեցյանը պետք է ցույց տա այն ասելիքը, որը դեռ հասարակությանը չի ներկայացրել, ընդամենը ասել է, որ իշխանությունները պետք է գնան, բայց այդ դեպքում հարց է առաջանում, Դուք՝ որպես Ազգային անվտանգության տնօրեն աշխատած անձնավորություն, Ձեր գործողություններով արդյոք չե՞ք վնասում մեր երկրի անվտանգությանը: Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրի անվտանգությունը վտանգող անձնավորությունն այսօր խոսում է իշխանության բացթողումների մասին, երբ որ այդ բացթողումների մի մասը պետք է չեզոքացվեր նաև այդ ծառայության ամբողջական աշխատանքի ընթացքում:

Չմոռանանք, որ Արթուր Վանեցյանը 2009-2016 թվականը ղեկավարել է Էրեբունի շրջանի ազգային անվտանգության կառույցը: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե Էրեբունիում ինչպիսի խմբավորումներ էին ձևավորվել թե՛ Մարտի 1-ի ընթացքում, թե՛ հետագայում: Իր պաշտոնավարման վերջին շրջանում որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն որևէ քայլ չի արվել էրեբունիում տեղակայված այդ քրեածին խմբավորումները արմատախիլ անելու հարցում:

«Ազատություն». - Իրավաչափ որոշո՞ւմ եք համարում, որ 4 միլիոն դոլար գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց: Նա կարո՞ղ է ազատության մեջ գտնվելով խոչընդոտել քննությունը:

Անդրանիկ Քոչարյան. - Ռոբերտ Քոչարյանի պարագայում միշտ էլ տուժող կողմի փաստաբանները հիմնավորել են Ռոբերտ Քոչարյանի նախաքննության ընթացքից մինչև դատաքննություն խոչընդոտելու հնարավորությունը: Այս անգամ էլ դատախազությունն իր հիմնավորումները ներկայացրեց, բայց դատավորը կայացրեց մեկ այլ որոշում 2 միլիարդ դրամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխեց: Ես գիտեմ, որ դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, և մենք նորից պտտվելու ենք նույն առանցքի շուրջ: Հիմա նորից Վճռաբեկ բողոք պետք է լինի, նորից քննարկուներ, նորից ինչ-որ դեռ դատաքննությունը չսկսած մենք տեղապտույտի մեջ ենք: Ռոբերտ Քոչարյանի խնդիրը դատաքննությունը սկսելը չէ, Ռոբերտ Քոչարյանի խնդիրը ժամանակ շահելն է: Ես միշտ ասել եմ՝ ինքը ինչ-որ բանի է սպասում: Կասկածներ կան, որ այդ ինչ-որ բանը գտնվում է Սահմանադրական դատարանում:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.