Արցախի նախագահ. 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցի ժամանակ նման աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։

Միաժամանակ, Հարությունյանն, ով 2016-ին Լեռնային Ղարաբաղի վարչապետն էր, ընդգծել է՝ «այսօր ունենք շատ ավելի ապահով օդ»։

Չորս տարի առաջ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը տվեց ավելի քան հարյուր զոհ։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանեց 800 հեկտար տարածքային կորստի մասին, թեև վերջերս նա մտքափոխ եղավ՝ այս անգամ կորուստը գնահատելով 400 հեկտար։

«Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին: Չեմ ուզում ամբողջը մանրամասնել, այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն իրենց նշած հին կամ անպիտան, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են՝ նույն անօդաչու սարքերի, բացի դրանից նոր, նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք՝ ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 92-94 թվականների, հազիվ էինք պաշտպանում, չնայած Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին, ոչ միայն Ստեփանակերտին, Ղափանին, Գորիսին և այլն: Այսօր մենք ունեն շատ ավելի անվտանգ, ավելի ճիշտ ապահով օդ, այսինքն հակաօդային հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել, որ այդ խնդիրը չի լինի: Նույն ժամանակակից ձեռք բերված հակաօդային և ինչու չէ, նաև այն ավիացիան, որն ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը», - նշել է Հարությունյանը:

Այն, որ ադրբեջանական անօդաչու սարքերը կարողացել էին հասնել Ստեփանակերտին, չորս տարի առաջ ընդունում էին նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ 2016 թվականի ապրիլի 7-ի ուշ երեկոյան՝ զինադադարից երկու օր անց, երբ Ստեփանակերտում ընթանում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունները, Ստեփանակերտի երկնքում հայտնվեց ադրբեջանական անօդաչու սարք։ Նախագահ Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հաջորդ օրը «Ազատությանը» փոխանցեց, որ այն ոչնչացվել է։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում և բանակցությունների ընթացքում հակառակորդը Ստեփանակերտի օդային տարածք է ուղարկել անօդաչու թռչող սարք: Մեր հակաօդային պաշտպանությունն անմիջապես հայտնաբերել է այն և ոչնչացրել», - ասել է Բաբայանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության վերաբերյալ «Ազատությունը» դիմեց Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության նախարարություններ՝ արձագանք ստանալու նպատակով, երկու կառույցից էլ պատասխանեցին՝ նպատակահարմար չեն համարում մեկնաբանել Արցախի նախագահի խոսքերը։

Նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ներկայացնող բարձրաստիճան միակ պաշտոնյան չէ, ով հրապարակավ հնչեցնում է պատերազմի ժամանակ հայկական կողմի բացթողումների մասին։ 2016-ի օգոստոսին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում հայկական զինուժը խորքային հետախուզության տեխնիկական միջոցներ չի ունեցել, ինչի հետևանքով էլ անհնար է եղել բացահայտել հակառակորդի կողմից նախապատրաստվող լայնածավալ գործողությունները:

Իսկ 2017 թվականի մարտին Հայաստանի այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ նավթամթերքի պատճառով։ Այս մայիսին Կարապետյանին հրավիրել էին ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, և նիստից հետո նախկին վարչապետը հրապարակավ չհրաժարվեց իր խոսքերից։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս այսօր «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց Արցախի նախագահի երեկվա հայտարարության վրա՝ հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ավարտված են և այժմ փաստերի համադրման փուլում են։

«Մենք ռազմաօդային և հակաօդային ուժերին վերաբերվող և՛ նյութեր ենք ուսումնասիրել, և՛ հարցեր ենք ուղղել որոշակի պատասխանատուների: Մենք ունենք մեր պատկերացումները այդ ժամանակվա այդ խնդիրների լուծված կամ չլուծված լինելու մասին: Ես շատ չեմ զարմացել այդ փաստից», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, 2016-ին հայկական կողմն, անշուշտ, ուներ հակաօդային պաշտպանության համակարգ, սակայն այդ համակարգը պարզապես պատրաստ չէր ժամանակակից սպառնալիքներին, և ադրբեջանական հարվածային անօդաչու սարքերի ակտիվությունը դրա վկայությունն էր։

«Այն, որ նախկինում, նախկին համակարգում այդ հայրենասիրությունը կոռուպցիայի և գանձագողության արդարացման վերջին հանգրվան էր դարձել, սա որևէ համար գաղտնիք չէ: Արցախի, հայրենասիրության, անվտանգության և այլն, այս հասկացությունների տակ ծածկում էին պարզապես երկրի ռեսուրսների մսխման գործընթացը, որ համակարգորեն տեղի էր ունենում սկսած պատերազմից անմիջապես հոտ, ես նկատի ունեմ առաջին պատերազմը, և գուցե նույնիսկ պատերազմի ժամանակից սկսած», - նշեց Բադալյանը:

Ավելի ուշ` արդեն երեկոյան, Արցախի նախագահի հայտարարությանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և «բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր»:

«Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը:

Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է Պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը», - ասել է Սերժ Սարգսյանը: