Դատախազը միջնորդեց սպանության փորձի համար Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման․ պաշտպան

Հայկ Սարգսյան, արխիվ

Դատախազը միջնորդել է սպանության փորձի համար դատապարտել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Հայկ Սարգսյանին 7 տարվա ազատազրկման: Այս մասին «Ազատության» հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Ներկայացրեց, իր հիմնավորմամբ գտավ, որ սպանության փորձը հիմնավորված է, ապօրինի զենք կրելը հիմնավորված է, զենքի մասով միջնորդեց վաղեմություն կիրառել, իսկ սպանության փորձի մասով 7 տարի: Դե մենք ընթացքում ակնհայտորեն տեսել եք, որ չկա սպանության փորձի հատկանիշ, ընդհանրապես քրեական գործի հարուցման պահից սկսած ինքն անօրինական էր հարուցված: Մենք այս մանրամասները ճառով կներկայացնենք», - մանրամասնեց Երեմ Սարգսյանը:

33-ամյա մեղադրվում է սպանության փորձի մեջ․ հանցագործությունը տեղի է ունեցել 11 տարի առաջ: 2007 թվականին Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Գործը, սակայն, կարճվել էր, քանի որ ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյան և հայտնել, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը, ով վերջին մի քանի ընտրությունների ժամանակ հանրապետականների վստահված անձն է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տեղամասերից մեկում և մշտապես խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նոր ցուցմունքներ է տվել` նշելով, որ իրականում իրեն փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։