Ծառուկյանի կալանքի հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանի շենքի մոտ զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը հունիսի, 2020թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ժամը 10:30-ից ընթանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը: Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր նիստին ԲՀԿ առաջնորդը մասնակցում էր:

Նիստից հետո Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհայտնի կիրակի: Փաստաբանները նշեցին, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է, հույս հայտնեցին, որ դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը:

Նախօրեին Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ նրա փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը դատարանը մերժեց:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Այսօր հայտնի դարձավ, որ քրեական գործով ձերբակալվել է նաև քաղաքացի Ռ. Մուրադյանը: Ավելի վաղ էլ ձերբակալվել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ Ծառուկյանին առնչվող մյուս քրեական գործով էլ մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և այլ պաշտոնյաներին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում կրկին պնդեց, որ քրեական գործերը, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին, քաղաքական են, և «իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում» է իրականացվում: Նա նշեց, որ այս ամենը սկսվել է Ծառուկյանի` կառավարության վերաբերյալ քննադատական ելույթից հետո:

«Ազատության» դիտարկմանը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ նշված էր, որ նյութերը նախապատրաստվել են դեռևս ամիսներ առաջ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.- «Արթուր Դավթյանն իր միջնորդության մեջ ինչ ասես կարող էր նշել, կարող էր նշել, որ նյութերը նախապատրաստվել են դեռևս խորը միջնադարում:

Ես վստահ պնդում եմ, որ որևէ ցուցում, որ Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին կամ իքսին գումար տվել է ընտրական կաշառք բաժանելու համար, չկա և չի կարող լինել այն պարզ պատճառով, որովհետև նման բան չի եղել»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև` ակնկալում է, որ դատարանը չի կատարի «քաղաքական ակնկալիք»:

Նկատենք նաև, որ տարածքում ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ոստիկանությունը:

Հիշեցնենք նաև, որ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ խորհրդարանում նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո:

ԲՀԿ առաջնորդը պնդում է, որ քրեական գործը շինծու է, հորինված է քաղաքական պատվերով՝ հունիսի 5-ի իր հայտարարությունների պատճառով, երբ պնդել էր, որ Կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում ու 100 տոկոսով պետք է փոխվի:

Մանրամասները` քիչ անց