Անցած մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 459 նոր դեպք։ Առողջացել է 706 քաղաքացի։ Մինչև այսօր, բուժվածների ամենամեծ թիվն արձանագրվել էր միայն հունիսի 17-ին՝ 746։
Երեկ իրականացվել է մոտ 2000 թեստավորում, դրանցից դրական են եղել շուրջ 24 տոկոսը։ Երեկ կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, բացի 57 տարեկան տղամարդուց մնացածն ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Վարակված 9 մարդ էլ մահացել է այլ պատճառներով։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասներ ներկայացրեց. «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը այլ հիվանդության պատճառով է վրա հասել և այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է: Այսօրվա մահացածների մեջ ամենաերիտասարդը 50-ամյա կին է, իսկ ամենատարեցը՝ 94-ամյա տղամարդ»:
Ընդհանուր առմամբ, մինչև այսօր կորոնավիրուսային հիվանդության 19 հազար 157 դեպք է արձանագրվել, 8 հազար 266 մարդ առողջացել է, փաստացի բուժվողների թիվը 10 հազար 462-ն է, մահացել է 319 մարդ, իսկ այլ պատճառով մահվան դեպքերը 110-ն են։ Առայսօր արվել է 91 հազար 943 թեստ։
Այսօր Լիտվայից Հայաստան են ժամանելու 8 բուժաշխատող և 3 մասնագետ։ Նրանք իրենց հետ բերելու են նաև կորոնավիրուսի թեստեր ու բժշկական այլ անհրաժեշտ պարագաներ։ Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ, այսօր հատուկ չվերթով Հայաստան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը:
Շաբաթվա սկզբին նաև Ֆրանսիայից էր բժիշկների խումբ եկել Հայաստան, նրանք արդեն սկսել են գործունեություն ծավալել կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցներում։ Ակնկալվում է, որ ևս 50 բժիշկ Հայաստան կգա Ռուսաստանից։